09/06/2009 15:43
«Ճգնաժամի ազդեցությունը կանխատեսվածից շատ ավելի խորն է»
«Տնտեսական ճգնաժամն ավելի խորն ազդեցություն է թողել մեր տնտեսության վրա, քան կարելի էր կանխատեսել, քան այն ժամանակ, երբ ներկայացվում էր այս հաշվետվությունը»,- հայտնեց ԱԺ-ում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը Հայաստանի Կենտրոնական բանկի կաղմից ներկայացված «ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագրի (գնաճի հաշվետվություն, 2009 թ. առաջին եռամսյակ)» մասին` ներկայացնելով հանձնաժողովի եզրակացությունը:
Խոսելով գնաճի փոփոխման դինամիկայի մասին` Գ. Մինասյանը նշեց, որ «չնայած մենք նույնիսկ ունենք գնանկում, այնուամենայնիվ ունենք 3,9 տոկոսի գնաճ, որը բավականին մեղմ ցուցանիշ է, սակայն մի քիչ ավելի բարձր, քան կանխատեսվում էր»:
«Այն կանխատեսումները, որ կան այս փաստաթղթում մի քիչ լավատեսական են, քանի որ այն պրոցեսները, որ հիմա գնում են ավելի խորը տնտեսական ճգնաժամի դրսևորման մասին են վկայում Հայաստանում և այս առումով բավականին մեծ ջանքեր պետք է պահանջվի Կենտրոնական բանկի կողմից», - բացատրեց Գ. Մինասյանը:
Գ. Մինասյանի կարծիքով` ԿԲ-ի ջանքը պետք է լինի գների կայունության ապահովումը:
«Կարևորն այն է, որ դա պետք է իրականացնել` նայելով տնտեսական աճի հնարավոր զարգացմանը, ինչը հնարավոր է կատարել` նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը», - հայտնեց հանձնաժողովի նախագահը:
Գ. Մինասյանը, ամփոփելով իր խոսքը, նշեց նաև, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման քաղաքականություն ԿԲ-ի նախագահը վերջերս սկսել է իրականացնել բավականին մեծ ակտիվությամբ: