09/06/2009 16:59
Հայ ֆուտբոլիստն ինքնասպանություն է գործել
Երեկ երեկոյան կյանքից հեռացել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի երիտասարդ և հեռանկարային հարձակվող Սարգիս Արոյանը, ով հանդես է եկել նաև Հայաստանի մինչև 17 և 19 տարեկանների հավաքականներում: Նա հեռանկարային ֆուտբոլիստի համարում ուներ, ում հետ փյունիկցիները լուրջ հույսեր էին կապում: «Փյունիկ» ակումբի ղեկավարությունն ու ֆուտբոլիստները ցնցված են Սարգսի ողբերգական մահվան փաստից և ցավակցում են նրա ընտանիքին ու հարազատներին…
Ցավոք, գուցեև դեռ երկար կփնտրենք հարցի պատասխանը, թե ինչու է նա ընտրել ինքնասպանության ճանապարհը: Այս պահին հիմնական բոլոր հարցերը պատասխաններ ունեն: Սարգիս Արոյանը հարգված էր «Փյունիկ» թիմում, շփվող էր, մարդամոտ, արագ էր կապեր հաստատում խաղընկերների հետ, ուներ մեծ թվով ընկերներ: Մի քանի ամիս առաջ զորակոչվել էր բանակ: Լուրեր կային, որ շուտով կտեղափոխվի բանակի մարզական գումարտակ և հնարավորություն կունենա մարզվել նաև զինծառայության ընթացքում: Ամեն ինչ Սարգիս Արոյանի համար լավ էր ընթանում, իսկ կարիերան էլ հուսադրող էր…
Այժմ իրավապահ մարմինները փորձում են հասկանալ, թե որն է հեռանկարային այդ ֆուտբոլիստի ինքնասպանության իրական պատճառը: Գործն այժմ նախաքննության ընթացքում է: