11/06/2009 19:48
Ֆերգյուսոնը Տևեսին համոզում է մնալ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն անձամբ է զանգահարել 25-ամյա հարձակվող Կառլոս Տևեսին, ով տվյալ պահին Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցում էր պլանավորված ուսումնամարզական հավաքին: Սըր Ալեքսը ցանկացել է համոզել նրան` մնալու «Մանչեսթեր Յունայթեդում», սակայն այդ փորձը հաջողությամբ չի պսակվել: Այս մասին տեղեկացնում է «The Guardian»-ը:
Տևեսը հիասթափված է անգլիական ակումբից և այժմ քննարկում է մի շարք տարբերակներ: Առավել հավանական էր թվում տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի», սակայն ֆուտբոլիստի մտերիմներից մեկը նշել է, որ դա տարբերակներից միայն մեկն է, իսկ այնուհետև ավելացրել է. «Երբ դուք մեկի հետ վատ եք վարվում ամբողջ տարվա ընթացքում, հնարավոր չէ իրավիճակը շտկել հեռախոսային մեկ զանգի օգնությամբ, այնպես չէ՞»:
Կառլոս Տևեսը, ավարտելով հավաքն Արգենտինայի ազգային թիմում, արդեն սկսել է բանակցել մի շարք ակումբների հետ: Ֆուտբոլիստի մտերիմը «The Guardian»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է այդ փաստը: «Բանակցությունները կտևեն 2-3 շաբաթ, որից հետո Կառլոսը վերջնական որոշում կկայացնի,- ասել է նա:- Նրան իրենց կազմում են ցանկանում տեսնել նաև «Չելսին» ու «Լիվերպուլը»: Իսկ Տևեսի միակ ցանկությունն Անգլիայում մնալն է»: