12/06/2009 14:42
ԼՂՀ-ն վարում է ուսանելի տնտեսական քաղաքականություն
«ԼՂՀ-ն առաջին եռամսյակը փակել է 18 տոկոս տնտեսական աճով, իսկ Հայաստանում եղել է 10 տոկոս անկում», - ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` ներկայացնելով իր տպավորությունները Ղարաբաղ կատարած այցից:
Ըստ նրա, թեև ԼՂՀ բյուջեի սեփական եկամուտներն աճել են 60 տոկոսով, սակայն նման կարգի աճերին միանշանակ վերաբերվել չի կարելի, քանի որ առանց արտահանման անգամ 50 տոկոս աճը տնտեսագիտորեն աճ չէ:
Հ. Բագրատյանի խոսքով, այնուամենայնիվ, դա որոշակի դրական դինամիկա է ցույց տալիս, և ԼՂՀ-ն նեղ տեսակետից դրական դինամիկա ունի: Հ. Բագրատյանի տվյալներով, Ղարաբաղի 22 մլրդ դրամ բյուջեի և 103մլրդ դրամ ՀՆԱ-ի դեպքում դա նշանակում է, որ հավաքվում է հարկերի 21-22 տոկոսը, մինչդեռ ՀՀ-ում հարկային ազգային ծանրաբեռնվածությունը կազմում է 28 տոկոս, երբ հարկադրույքներն ավելի բարձր են:
Հ. Բագրատյանի հաշվարկներով, Հայաստանում տնտեսության 53 տոկոսը ստվերում է, իսկ ԼՂՀ-ում ստվերը կազմում է 6-8 տոկոս:
«Սկզբունքորեն տարբեր մոտեցումներ են և ղեկավարությունն այլ կերպ է նայում կատարվածին: Մեր երկու երկրներում որակապես տարբեր իրավիճակ է: Եթե կառավարությունն ուզում է աշխատել, ապա մի բան ստացվում է», - ասաց Հ. Բագրատյանը: