12/06/2009 14:32
«Ռեինկառնացիա. էլի լավ ա, լավ ա…»
«Ասեմ, որ խումբն ունի 9 տարվա պատմություն, և 9 տարվա մեջ շատ-շատ ենք վերամարմնավորվել տարբեր ոճերի մեջ, սկզբից ռոք էինք նվագում: 3 տարի առաջ եղավ խմբի վերջին «ռեինկառնացիան», հավաքվեց հայկական առաջին ռեգի բենդը, որը բաղկացած է 8 հոգուց, և հիմա ռեգի էլ ունենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց «Ռեինկառնացիա» խմբի ներկայացուցիչ Ռոլանդ Գասպարյանը:
Ինչպես նշեց Ռոլանդ Գասպարյանը, ռեգին երաժշտական ուղղություն է, որը եկել է Յամայկայից 60-ական թվականներին, որի միջոցով մարդիկ քարոզում են սեր, երջանկություն, իսկ աֆրիկացիները ռեգիի միջոցով պատմել են սևամորթների խնդիրների մասին, միևնույն ժամանակ իրենց շնորհակալությունն են հայտնել աստծուն, սակայն ամենից կարևորը եղել է սիրո քարոզումն է:
Ռոլանդ Գասպարյանը նշեց նաև, որ ուրախ է, որ Հայաստանում շատ կան ռոք, ռեգի խմբեր, ինչպես օրինակ, «Բամբիռ», «Դորիանս» և «Էմփիռեյ» խմբերը , և կարծիք հայտնեց, որ դեռ շատ կշատանան, քանի, որ այսօր մեր քաղաքում մի քիչ գույնի պակաս կա և պետք է լրացվի:
«Ես մի տարի է, որ խմբում եմ, ես ավելի ջազից եմ եկել, ռեգին այն տեղն է, ուր ջազը, սոլը, արեմբին, ռոքը ամեն ինչ միանում են այստեղ, և մինչև Հայաստան գալը Նյու Յորքում էի, այնտեղ էլ ռեգի էի նվագում, բայց «Ռեինկառնացիա» խմբում, ասես, ինքս ինձ գտել եմ, շատ լավ խումբ է, որի ասելիքը կարևոր է մեր համար»,-ասաց խմբի տրոմբոնիստ Դավիթ Մինասյանը:
Ռոլանդ Գասպարյանի կարծիքով, «Էլի լավ ա-ն» կոմերցիոն քայլ էր խմբի համար, և որի շնորհիվ սկսեցին երգը ֆիլմով ճանաչել, ֆիլմը` երգով ճանաչել, և ռեգին ավելի շատ ընդունվեց, ավելի շատ սիրվեց, քանի, որ այն սահմանափակ չէ, այն թե’ ռոք լսողի, թե’ ռեպ լսողի համար է:
«Մեր առաջին ռեգի «տեսագրությունը» արգելվեց հեռուստատեսությունով, բայց դա ավելի լավ էր մեր համար, որովհետև, սկսեցին խոսել դրա մասին, «Պատերազմների» տեսահոլովակի մասին ասեմ, երեք ամիս մենք ակցիա էինք անում տարբեր ակումբներում, տարբեր համերգներով, միտքն այն էր, որ ովքեր կիսում էին մեր գաղափարները` խաղաղության, բոլորը օգնեցին մեզ»,-նշեց Ռ. Գասպարյանը սակայն հավելեց, որ խմբի սկզբունքների մեջ է մտնում, որ երաժշտության հետ կապված ամեն ինչ պետք է իրենցը լինի:
Եվ ինչպես նշեց Ռ. Գասպարյանը այսօրվա «սեր», «հայրենիք» մոտեցումները իրենց մոտ չկան, որոնք «կեղծավորություններ» չեն, բայց չափազանց շատ «ստանդարտ է դառել այդ ամեն ինչը»:
«Ես, ինքս եմ երգում սիրո մասին, բայց մարդկային սիրո, և ոչ թե սեքսից առաջ կամ հետո, թե` ինչի՞ գնաց թառլանս և այլն այլն, մենք մարդկային հարգանքի մասին ենք երգում»,-ասաց «Ռեինկառնացիա» խմբի ներկայացուցիչ Ռոլանդ Գասպարյանը: