12/06/2009 11:08
«Բավարիան» պատրաստ է Ռիբերիին վաճառել 65 մլն ֆունտ ստեռլինգով
Ինչպես հաղորդում է «The Times»-ը, մյունխենյան «Բավարիայի» ղեկավարությունը պատրաստ է ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի տրանսֆերը վաճառել 65 մլն ֆունտ ստեռլինգով: «Չելսիի» հետ բանակցություններում հենց այդպիսի գումար է պահանջել «Բավարիան»:
Գերմանական ակումբում վստահ են, որ նման գինը հիմնավորված է, քանի որ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրվում է նաև Մադրիդի «Ռեալը»: Առայժմ հայտնի չէ, թե այդ տեղեկատվությանն անգլիացիներն ինչպես են արձագանքել: «Ռեալից» ու «Չելսիից» բացի, Ռիբերիին իրենց կազմում են ցանկանում տեսնել նաև «Բարսելոնն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:
«Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նույնպես պատմել է «Բավարիայի» հետ բանակցությունների ընթացքի մասին: «Դժվար թե Ռիբերին այլ ակումբ ընտրի: Եթե նա, այնուամենայնիվ, հեռանա մյունխենյան ակումբից, ապա միայն` «Ռեալում» խաղալու համար: Դրանում ոչ մի կասկած չկա»,- Պերեսի խոսքերը մեջբերել է «L’Equipe»-ը: