16/06/2009 14:39
Հայաստանում ճգնաժամի վատագույն մասը կլինի 2010թ.-ին
Այսօր` լրագրողնրի հետ հանդիպման ժամանակ, տնտեսագիտության պրոֆեսոր, ԱԺ նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Թաթուլ Մանասերյանը խոսեց, թե Հայաստանում ինչ միջոցներ են ձեռնարկվում տնտեսական ճգնաժամը մեղմելու համար:
«Այդ առումով կարևոր է հարկային փաթեթը, որ ներկայացվել էր ԱԺ, որտեղ երկուստեք ակտիվ քննարկումներ եղան», - նշեց Թ. Մանասերյանն, ընդգծելով որ դրա նպատակն է հարկային դաշտը դարձնել պարզ և նպաստավոր ձեռներեցության զարգացման համար: Նա հույս հայտնեց, որ հարկային փաթեթը կլրամշակվի և կվերադառնա ԱԺ:
Ըստ Թ. Մանասերյանի` ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ կապված կան տարբեր կանխատեսումներ: Նրա կարծիքով, Հայաստանը, լինելով համաշխարհային տնտեսության մի մասնիկ, այնուամենայնիվ կարող է տնտեսության առողջացման ինքնուրույն ճանապարհն ունենալ, քանի որ «երբեմն մեզ պարտադրվող դեղամիջոցները ժամկետանց են»:
Թ. Մանասերյանը չի բացառում, որ արևմուտքում անշարժ գույքի գները կշարունակեն անկում ապրել, թեև «մեր պարադոքսային պայմաններում դրանք կարող են անգամ աճել»: Ըստ նրա, գների անկման ժամանակ նպաստավոր պայմաններ են սպառման համար, սակայն ընկել է մարդկանց գնողունակությունը, ավելացել գործազրկությունը, և քանի դեռ նոր աշխատատեղեր չեն սկսել ստեղծվել ու պակասել կրճատումները, ճգնաժամը կշարունակվի:
ԱԺ նախագահի տնտեսական հարցերով խորհրդականի գնահատմամբ, մեր երկրում ֆինանսատնտեսական ճգնաժամի վատագույն մասը կլինի 2010թ. կեսերին կամ ավարտին: