17/06/2009 11:04
Լրացավ Տիգրան Պետրոսյանի ծննդյան 80-ամյակը
Այսօր լրանում է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 80-ամյակը: Նա ծնվել է 1929 թ. հունիսի 17-ին, մահացել է Մոսկվայում, 1984 թ. օգոստոսի 13-ին: Միջազգային կարգի գրոսմայստեր (1952), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), շախմատային տեսաբան և վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր (1963-1966), «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (1968-1977), փիլիսոփայական գիտությունների թեկնածու Տիգրան Պետրոսյանի մասին մինչև հիմա լեգենդներ են պատմում:
Տիգրան Պետրոսյանը շախմատով սկսել է զբաղվել 1940-ական թվականներից, թբիլիսյան Պիոներների պալատում, որտեղ իր վարպետությունը կատարելագործել է Ա. Էբրալիձեի գլխավորությամբ: Նրա շախմատային հայացքների ձևավորման վրա մեծ ազդեցություն է թողել Ա. Նիմցովիչի «Իմ համակարգը` գործնականում» գիրքը: «Բազմաթիվ անգամ ես ուսումնասիրել եմ այս գրքում ներկայացված պարտիաներն ու դիրքերը, և պատահական չէ, որ, ի վերջո, ողջ գիրքն անգիր եմ հիշում»,- մի առիթով ասել է Պետրոսյանը:
Առաջին հաջողություններն արձանագրել է Համամիութենական պատանեկան առաջնություններում: Սպորտի վարպետի նորման լրացրել է 1947 թ. ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակչում: Երկրի 1949 թ. առաջնության եզրափակչում գրավել է 16-րդ տեղը: Մոսկվա տեղափոխվելուց հետո հիանալի արդյունքների է հասել: 1950 թ. ԽՍՀՄ առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ 1951 և 1956 թթ. մրցաշարերում մրցակցությունից դուրս էր: 1951 թ. առաջնությունում ցուցադրել է խաղի գրոսմայստերական վարպետություն (2-3-րդ տեղեր) և 1952 թ. միջփնջային մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճել: Այդ առաջնությունում նույնպես բաժանել է 2-3-րդ տեղերը: Սկսած այդ ժամանակից` աշխարհի առաջնությունների անփոփոխ մասնակից է: 1953 թ. հավակնորդների մրցաշարում գրավել է 5-րդ տեղը: 1955 թ. միջփնջային մրցաշարում 4-րդն էր, 1958 թ.` 3-4-րդը, 1962 թ` 2-3-րդը: 1959 թ. հավակնորդների մրցաշարում գրավել է 3-րդ տեղը:
1962 թ. հաղթելով հավակնորդների մրցաշարում` Տիգրան Պետրոսյանն իրավունք է ստացել Բոտվիննիկի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը: Բոտվիննիկին Պետրոսյանը հաղթեց 1963 թ. և նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: «Պետրոսյանի ոճի գործնական առավելությունը, որը հիմնված է դիրքի յուրահատուկ ու նուրբ ընկալման վրա, այն բանի մեջ է, որ փորձի ձեռքբերմանը զուգահեռ նա իր խաղընկերների համար ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում: Նրա գերազանցությունը հենց դիրքի ընկալումն էր. ոչ թե պատահական, այլ մշտապես գործող գործոնը ինչ-որ ժամանակ իրեն պետք է զգացնել տար»,- սրանք Տիգրան Պետրոսյանի մասին Բոտվիննիկի խոսքերն են:
Տիգրան Պետրոսյանի դիրքային խաղի արվեստը, պաշտպանության վարպետությունն իրավամբ դասականի համարում ունեն: Նա շախմատում ամեն ինչից առավել գնահատել է տրամաբանությունը: «Ես խորապես համոզված եմ, որ շախմատում, չնայած այն ընդամենը խաղ է, պատահական ոչինչ չկա: Դա իմ սկզբունքն է: Սիրում եմ միայն այնպիսի պարտիաները, որտեղ ես խաղացել եմ` ելնելով դիրքի պահանջներից: Հավատում եմ միայն տրամաբանական, ճիշտ խաղին»,- հայտարարել է Պետրոսյանը:
Այսօր մեր ուշադրության կենտրոնում միայն Տիգրան Պետրոսյան շախմատիստը չէ, այլև Տիգրան Պետրոսյան մարդը` իր ապրումներով, հույզերով ու զգացումներով: Այսօրվա լրահոսում կներկայացնենք ևս մի քանի ուշագրավ նյութեր շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոնի մասին: