18/06/2009 12:46
Երևանում բացվեց հայ-սիրիական գործարար համաժողովը
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի մասնակցությամբ Երևանում այսօր բացվեց հայ-սիրիական գործարար համաժողովը, որին մասնակցում են 118 հայաստանյան և 65 սիրիական գործարարներ` երկու երկրների տնտեսության տարբեր ոլորտներից:
Ֆորումի շրջանակներում տեղի ունեցավ ՀՀ Առևտրա-Արդյունաբերական պալատի և ՍԱՀ առևտրի պալատների ֆեդերացիայի միջև փոխընմռնման համաձայնագրի ստորագրումը:
Հայ-սիրիական տնտեսական հարաբերությունների վերաբերյալ ելույթ ունեցան ՀՀ ԱԱՊ նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը, ՀՀ ԱԱՊ միջազգային համագործակցությւան բաժնի պետ Վլադիմիր Ամիրյանը, ՍԱՀ պալատների ֆեդերացիայի նախագահ Ղասսան ալ-Կալաան: Ըստ զեկուցողների, երկու երկրների միջև նկատվել է ապրանքաշրջանառության բավական զգալի նվազում: Առանձնապես մտահոգիչ է Հայաստանից Սիրիա արտահանման տարեցտարի նվազումը, որը 2008 թվականին կազմել է ընդամենը 90 հազար դոլար:
Բիզնես ֆորումի շրջանակներում նախատեսված են նաև գործարար հանդիպումներ և բանակցություններ` ըստ սնունդի և խմիչքի, զբոսաշրջության, տեքստիլի և հագուստի, դեղագործության, մեքենաների և սարքավորումների, քիմիական արդյունաբերության և առևտրի ոլորտների:
Նշենք, որ ըստ ՀՀ մաքսային վիճակագրության տվյալների` 2008 թվականին Հայաստանի և Սիրիայի միջև առևտրաշրջանառության ծավալները կազմել են 5, 99 մլն. ԱՄՆ դոլար, ընդ որում` արտահանումը` 0, 09 մլն ԱՄՆ դոլար, ներմուծումը` 5, 9 մլն. ԱՄՆ դոլար, իսկ առևտրային հաշվեկշիռը կազմել է -5, 51 մլն ԱՄՆ դոլար:
Ըստ ՀՀ ԱԱՊ տվյալների` Հայաստանից Սիրիա արտահանվում են բնական մեղր, կենդանիների փորոտիք, կարբիդներ, ներկեր, լաքեր, մանածագործականն իրեր, պոմպեր, չափիչներ, հսկիչ սարքեր և այլն, իսկ Սիրիայից Հայաստան` կոշիկ, դեղամիջոց, փաթեթավորման պլաստմասե իրեր, ցիտրուսային պտուղներ, բանջարեղեն, ընկուզեղեն, հրուշակեղեն, շոկոլադ, պահածոներ, լվացող մաքրող միջոցներ, բամբակյա գործվածք, զարդեղեն և էլեկտրոնային տեխնիկա: