18/06/2009 13:17
ՀՀ նախագահը դիմեց նաև Սիրիայի հայերին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը մասնակցեցին Երևանում ընթացող հայ-սիրիական գործարար համաժողովի բացմանը:
Ողջունելով հայ-սիրիական գործարար համաժողովի մեկնարկը, ՀՀ նախագահն ընդգծեց, որ հայ-սիրիական բարեկամությունը ամուր հիմքեր ունի:
«Ներկա քաղաքական, տնտեսական իրողությունների պայմաններում մեր երկրները կառուցում են նոր որակի` ջերմ և դինամիկ զարգացող հարաբերություններ, որոնցում քաղաքական ու տնտեսական գործակցության մակարդակները պետք է ձգտեն հավասարության», - ասաց Նախագահը և հավելեց, որ այս նպատակը ոչ միայն բարի ցանկություն է, այլև հասանելի թիրախ` առավել ևս, որ Սիրիայի գործարար շրջանակներում հայազգի ձեռներեցները լուրջ ներկայացվածություն ունեն:
«Նշված նպատակի իրացման կարևորագույն միջոցներից մեկը ես համարում եմ մեր երկրների տնտեսվարողների միջև շփումների ակտիվացումն ու գործարարության համար առավել բարենպաստ միջավայրի ստեղծմանն ուղղված մեր, վստահ եմ, երկուստեք քաղաքական կամքը», - նշեց երկրի ղեկավարը, հայտնելով, որ ՍԱՀ նախագահ ալ-Ասադի հետ հանդիպումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման խնդիրներին։
Ս. Սարգսյանը ցավով արձանագրեց, որ երկու ժողովուրդների միմյանց նկատմամբ ունեցած բարեկամական ու եղբայրական զգացումներին ու ձևավորված քաղաքական հարաբերություններին լիովին անհամապատասխան է առևտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը։ Ըստ նախագահի, երկու երկրների կառավարությունների ջանքերով բավականաչափ նպաստավոր իրավապայմանագրային դաշտ է ձևավորվել՝ առևտրատնտեսական համագործակցություն զարգացնելու համար։
«Նախագահ Բաշար ալ Ասադի այցելության ընթացքում ստորագրվել է «Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիր, ինչը առևտրատնտեսական հարաբերությունները խթանելու ուղղությամբ կատարված ևս մեկ քայլ է», - նշեց ՀՀ նախագահը:
Երկրի ղեկավարի խոսքերով, հայ-սրիրական գործարար համաժողովը շատ լավ առիթ է միմյանց առևտրատնտեսական ոլորտում ձեռքբերումներին ծանոթանալու, գործարար կապեր ստեղծելու համար։
«Համոզված եմ, որ առկա է մեծ ներուժ գիտատեխնիկական, գյուղատնտեսության, էներգետիկայի, քաղաքաշինության, զբոսաշրջության, առևտրի, ֆինանսաբանկային ոլորտներում, և ձեր այսօրվա խնդիրը այդ ներուժի իրացմանն ուղղված իրատեսական նպատակադրումների ամրագրումն է», - ասաց երկրի ղեկավարը:
ՀՀ նախագահը նաև առանձնահատուկ ուշադրություն հրավիրեց սիրիահայությանը:
«Այս կապակցությամբ կցանկանայի առանձնահատուկ դեր հատկացնել Սիրիայում բնակվող մեր հայրենակիցներին։ Պետք է խնդրեի, որ դուք, օգտագործելով ձեր հնարավորություններն ու գործարար կապերը, նպաստեիք մեր երկրների միջև առկա առևտրատնտեսական ներուժի բացահայտմանն ու երկու երկրներում միմյանց արտադրանքի ներկայացմանը», - նշեց Ս.Սարգսյանը և վստահեցրեց, որ յուրաքանչյուր նոր նախաձեռնություն, տնտեսական կապերի ակտիվացմանն ու աշխուժացմանն ուղղված յուրաքանչյուր նախագիծ աջակցություն է ստանալու: