18/06/2009 20:04
«Փոթորիկ Վիկն» աստիճանաբար հավաքում է ուժերը
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանն արդեն ժամանել է ԱՄՆ, որպեսազի փորձի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել քաշային երրորդ կարգում: Այս անգամ նրա մրցակիցը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, թեթևքաշային կարգում IBF-ի վարկածով չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոն է: Մենամարտը տեղի է ունենալու հուլիսի 11-ին, ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Սանրայզ քաղաքում:
«Փոթորիկ Վիկն» աստիճանաբար հավաքում է ուժերը, և երբ նա փլվի Ֆլորիդայի վրա, մենք կտեսնենք, որ դա ամենաբարձր կարգի փոթորիկ է: Ագբեկոն կխեղդվի այդ փոթորկի ժամանակ: Վիկը նրա վերջը կտա»,- ասել է հայ բռնցքամարտիկի մենեջեր Գերի Շոուն Ringsports.com-ի թղթակցին:
«Ես նոր եմ սկսել հարմարվել տեղի եղանակին,- իր հերթին` պատմել է Վիկ Դարչինյանը: Այստեղ չափազանց շոգ է: Մեկ շաբաթ հետո հիանալի մարզավիճակում կլինեմ և պատրաստ` մարտին: Բայց արդեն գրեթե հարմարվել եմ: Մարզումներս հիանալի են անցնում: Ջանասիրաբար մարզվում եմ և ֆիզիկապես շատ ավելի ուժեղ կլինեմ, քան նախորդ մենամարտի ժամանակ»:
Սիդնեյի մարզումային գործընթացում Վիկ Դարչինյանը շեշտը դրել էր ուժային վարժությունների վրա, իսկ վերջին ամսվա ընթացքում մի շարք ստուգողական մենամարտեր է անցկացրել: Նրա թիմը որոշել է բռնցքամարտիկին տեղավորել ոչ թե հյուրանոցում, այլ հատուկ բնակարան է վարձակալել, որպեսզի Դարչինյանի պայմաններն առավել մոտ լինեն այն հնարավորություններին, որոնցից բռնցքամարտիկն օգտվում էր Սիդնեյում: