19/06/2009 13:38
«Դիջիտեք էքսպո» ցուցահանդեսը բացվեց
Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում բացվեց Microsoft ընկերության հայաստանյան գրասենյակի կազմակերպած «Դիջիտեք էքսպո» ցուցահանդեսը:
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը, «Արմենթել» ընկերության տնօրեն Իգոր Կլիմկոն և Microsoft ընկերության ներկայացուցիչ Վերոնիկա Պրիկրիլովան:
Վ. Դանիելյանը նախարարի անունից ողջունեց հավաքվածներին և ասաց, որ երկրորդ անգամն է նման միջոցառում կազմակերպվում, և տարեցտարի այն ավելի մեծ մասշտաբներ է գրավում:
«Դիջիտեքի հիմնական ուղղվածությունը բիզնես հանգույցներն են, մենք կարևորում ենք իննովացիաները և պատրաստվում ենք Հայաստանում ստեղծել իննովացիայի կենտրոն, որը ևս մեկ քայլ կլինի բարձր տեխնոլոգիաների կիրառման տեսնակյունից»,- ասաց փոխնախարարը:
Իգոր Կլիմկոն, իր հերթին, նշեց, որ դժվար է թերագնահատել բարձր տեխնոլոգիաների կարևորությունը:
«Micrisoft» ընկերության ներկայացուցիչ Վ. Պրիկրիլովան էլ հավաստեց, որ նման ցուցահանդեսները երիտասարդ սերնդի զարգացման և իննովացիոն տեխնոլոգիաների հետ շփման գործում մեծ դեր են խաղում:
Ողջույններից հետո արդեն պաշտոնապես ցուցահանդեսի բացման արարողությունը կատարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` կտրելով կարմիր ժապավենն ու անցնելով տաղավարներով: Նրա հետ տաղավարներով շրջեցին նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Տեղում վարչապետը ծանոթացավ առաջարկվող ծառայություններին, խոսեց կազմակերպիչների հետ ու լսեց նրանց հուզող հարցերը: Ներկայացված ընկերություններին հիմնականում հետաքրքրում էր, թե ինչպե՞ս կարող են իրենց ծառայությունները ներկայացնել նաև մարզերում կամ ինչպե՞ս կարող են իրենց արտադրանքը զարգացել ճգնաժամի պայմաններում:
Տիգրան Սարգսյանը խոստացավ էլ ավելի հետևողական աշխատել և հանձնարարեց Ներսես Երիցյանին` իր մասով պատասխանել առաջադրված հարցերին: