23/06/2009 16:42
Հայաստանում գազիֆիկացման մակարդակը կազմում է 92%
«Հայաստանում գազիֆիկացման մակարդակը կազմում է 92%»,- ասել է «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբևը` հունիսի 22-ին Ծաղկաձորում կայացած «Հայաստանը հաղորդակցությունների խաչմերուկում» միջազգային խորհրդաժողովի ժամանակ:
Նրա խոսքերով, գազիֆիկացման այս մակարդակն ամենաբարձրն է ԱՊՀ երկրների հետ համեմատելիս և 2 անգամ ավելի, քան Ռուսաստանում, որտեղ այն կազմում է 60%:
«Այս ամենը ստեղծվել է սկզբունքային մոտեցման արդյունքում` հաշվի առնելով օբյեկտիվ և սուբյեկտիվ հնարավորությունները: Ծրագիրը կատարվել է շատ արդյունավետ և հաջողությամբ իրագործվել Հայաստանում»,- ասել է Վ. Գոլուբևը:
Վ. Գոլուբևի համոզմամբ` Հայաստանը տնտեսության զարգացման և էներգետիկայի ոլորտում ինտեգրման հիանալի հնարավորություններ ունի: Հրազդան ՋԷԿ-ում նախատեսվում է ստեղծել միասնական էներգետիկ ընկերություն, որը կլինի խոշորագույնն Անդրկովկասում և կկարողանա էլեկտրաէներգիա մատակարարել Վրաստան և Թուրքիա: Ըստ Գոլուբևի, ներկայումս ուսումնասիրվում է Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումը:
Այս մասին տեղեկանում ենք «Հայռուսգազարդ» ընկերության կայքից: