23/06/2009 18:07
Բացե՞լ, թե՞ չբացել. սա միակ հարցը չէ
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը համոզմունք հայտնեց, որ հայ-թուրքական սահմանի բացումն անխուսափելի է: Նա նշեց, որ Հայաստանում պետք է նախապատրաստվեն դրան, իսկ հայ-թուրքական ճանապարհների բացումն, ըստ պատգամավորի, տնտեսական արդյունավետության աճի հնարավորություն կտա:
«Տնտեսական աճի համար առաջին նախապայմանը ազատ շուկան է: Սահմանի բացման դեպքում մեր ապրանքների 20 տոկոս ինքնարժեքի իջեցում է լինելու: Այն ծառայությունները, որ ստանում ենք այժմ, շատ բարձր են»,- ասաց նա:
Բայց Այվազյանը հավաստեց, որ դրական ազդեցության կողքին կլինեն նաև ռիսկեր, դրա համար, ըստ նրա, աշխատում են, ոչ թե սպասում, որ ամեն ինչ բերեն ու մատուցեն:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը դրական համարեց ՀՅԴ-ի` Հայաստանի և Թուրքիայի միջև ճանապարհների վերաբացման դեպքում առաջ եկող առևտրատնտեսական հիմնախնդիրներին վերաբերող աշխատանքն ու քննարկումը:
«Կառավարությունը պետք է այն ընդունի ի գիտություն և համապատասխան աշխատանքներ տանի: Հայաստանն այսօր խնդիրներ ունի հարկային և մաքսային ոլորտներում, սակայն նույնիսկ իդեալական օրենքների դեպքում էլ, դժվար է լինելու տնտեսությունը պաշտպանել մեծածավալ հարձակումից»,- վստահ է Մարտիրոսյանը:
Իսկ ԲՀԿ ներկայացուցիչ, պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ նշեց, որ հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի տնտեսությունն ավելի խոցելի կդարձնի: