24/06/2009 18:46
ԱՄՀ տրամադրած լրացուցիչ վարկը կուղղվի սոցիալական ծախսերին
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Հայաստանին տրամադրվող վարկի չափն ավելացրել է մինչև 823 մլն դոլար, քանի որ կարծում է, որ մարտին հատկացված գումարի չափը բավական չէր: ՀՀ-ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսն այսօր ասուլիսում հայտնեց, որ փոփոխված համաձայնագիրը կօժանդակի կառավարության տնտեսական ծրագրին` համաշխարհային ֆինանսական ճգնաժամի սպասվածից ծանր ազդեցության պայմաններում: «Այս ամիսների ընթացքում ՀՆԱ աճը շատ ավելի բացասական էր, քան կարելի էր կանխատեսել: Ճգնաժամի պայմաններում կառավարությունը չպետք է կրճատի սոցիալական ծախսերը և դրա համար որոշվել է լրացուցիչ գումար հատկացնել»,- ասաց Ն. Օմեսը` նշելով, որ մինչև այս շաբաթվա վերջ ակնկալվում է, որ ևս 158 մլն կտեղաբաշխվի:
Նա տեղեկացրեց, որ ծրագրի հիմնական նպատակներն են արտաքին ցնցմանը հարմարվելու հարցում Հայաստանին օգնելը, արժույթի և ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության պահպանումը և անապահով խավի պաշտպանությունը:
«Այդ քաղաքականությունից բխում են մակրոտնտեսական, հարկաբյուջետային քաղաքականությունների թուլացում, ինչպես նաև` բարեփոխումների իրականացում, մասնավորպես, ֆինանասական հատվածի վերահսկողության շարունակական ամրապնդման և հարկային վարչարարության բերալավման ոլորտում»,- հայտնեց Ն. Օմեսը:
Այն հարցին, թե ինչու՞ են որոշել վարկ տրամադրել, Ն. Օմեսը պատասխանեց, որ իրենք անդրադարձել են ընդհանուր վճարային հաշվեկշռին. թե որքան արտարժույթ է մտնում երկիր, և որքան է դուրս գալիս: «Հայաստանում զգալի ճեղք կա. քանի որ արտահանումը զգալի նվազել է, մասնավորապես, առաջին 5 ամիսների ընթացքում` 48 %-ով, ինչը պայմանավորված է նաև պղնձի արտահանման կրճատումների հետ»,- ասաց Ն. Օմեսը:
Նա տեղեկացրեց, որ, որպես ավանդույթ, ԱՄՀ-ն վարկեր տրամդրել է ՀՀ ԿԲ-ին, սակայն այս անգամ նախնական համաձայնություն կա վարկի մի մասը` 312մլն դոլարը, տրամադրել ՀՀ կառավարությանը, որն այդ գումարը կարող է օգտագործել ծախսերի կատարման համար: Այդ գումարի կեսը կօգտագործվի այս տարվա բյուջեով, իսկ մյուսը` 2010 թ-ի բյուջեով:
Ն. Օմեսի խոսքերով, երկու եղանակով են որոշում, թե որքան գումար հատկացնեն` վճարային հաշվեկշռի և հարկաբյուջետային դեֆիցիտի: Ըստ նրա, լուրջ խնդիր է հարկային ոլորտում մուտքերի նվազումը, սակայն հույս ունեն, որ այս վարկը հնարավորություն կտա կառավարությանը բյուջեն պահպանել 2009 թ. սկզբնական բյուջեի մակարդակում և այլևս ծախսերի լուրջ կրճատումներ չեն լինի:
Այն հարցին, թե մտավխություն չունե՞ն, որ Հայաստանի կառավարությունը չի կարողանա մարել պարտքը, ՀՀ-ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչը նշեց. «Պետական հատվածի պարտքի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում նախորդ տարվա 18 %-ի փոխարեն այս տարի կարող է դառնալ 30 %: 2011 թ-ին կանխատեսվում է, որ պետական պարտք-ՀՆԱ հարաբերացությունը կհասնի 46 %-ի, սակայն դա կառավարելի մակարդակ է: Հայաստանը կկարողանա այդ գումարը վերադարձնել, քանի որ, իրենց կարծիքով, Հայաստանի կառավարությունը ճիշտ քաղաքականություն է վարում ճգնաժամից դուրս գալու համար»:
Ն. Օմեսը հայտնեց, որ ընդհանուր առմամբ 823 մլն դոլար վարկը տրվում է 5 տարի ժամկետով, 3 տարի 5 ամիս արտոնյալ ժամկետով, տոկոսադրույքները կախված են տարբեր պայմաններից. այս տարի տոկսոսադրույքը կլինի 1.5 %, բայց ժամանակի ընթացքում կփոխվի: