25/06/2009 12:41
Զբաղվածության կենտրոններում գրանցվելու ստորջրյա քարերը
«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության համայնքային կենտրոններում գրանցվելու համար անհրաժեշտ է անձնագիր, աշխատանքային գրքույկ և սոցիալական քարտ: Հենց սկզբից գրանցվել ցանկացողին` նպաստառուի կարգավիճակ ստանալու համար, առաջարկում են գնալ 1990թ-ից ի վեր աշխատած վայրեր և դրանց տարածքում գտնվող կենսաթոշակային հիմնադրամների բաժանմունքներից պարզել, թե արդյո՞ք աշխատած ժամանակշրջանում տվյալ հիմնարկը նրա համար պետությանը սոցվճարներ կատարել է, թե ոչ: Դրական պատասխանի դեպքում, և եթե աշխատանքային ապահովագրական ստաժը կազմի նվազագույնը մեկ տարի, գործազուրկն իրավունք կունենա օգտվել ամսական նպաստից, որը կազմում է 18հզ դրամ (նվազագույն աշխատավարձի 60%):
Ընդգծենք, որ համայնքապետարանների զբաղվածության կենտրոններն իրենք են պարտավոր այդ հարցումներն իրականացնել: Սակայն, նման դեպքերում էլ, շատ հաճախ, կենսաթոշակային հիմնադրամներից ստացվում է պատասխան. «Չի գտնվում» կամ «Չի փոխանցվել»:
Փորձեցինք այս խառնաշփոթը պարզել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանի օգնությամբ:
Ս. Հարությունյանը տեղեկացրեց, որ մինչև 2004թ. գործատուները աշխատողների համար սոցվճարներ կատարում էին ընդհանուր կարգով` ոչ անվանական: Դա է պատճառը, որ մինչ 2004թ-ի համար կենսաթոշակային հիմնադրամները չեն կարող պատասխանել` տվյալ անձի համար սոցվճարներ կատարվե՞լ են, թե ոչ:
Այս պարագայում նպաստի կարիք ունեցող գործազուրկին կարող են օգնել նրա նախկին տնօրենները. հիմնարկությունը պետք է գրություն տա, որ տվյալ անձը տվյալ ժամանակաշրջանում աշխատել է հիմնարկում, և նրա համար կատարվել են սոցիալական վճարումներ, այլապես առկա աշխատանքային ստաժը փաստացի ի չիք է դառնում: