25/06/2009 14:37
ԱԺ պատգամավորը լավատեսական է տրամադրված
Այսօր Աժ պատգամավոր, ՀՀԿ ներկայացուցիչ Գագիկ Մինասյանը հավաստիացրեց, որ տնտեսական զարգացումների առումով անբարենպաստ ազդակներ Հայաստանը չի կարող ունենալ, որովհետև կառավարության կողմից իրականացվող քայլերը կապահովեն տարվա երկրորդ կեսին տնտեսության ավելի ինտենսիվ զարգացում:
Նա կարևորեց ճգնաժամի հենց սկզբից հանրապետության Նախագահի շեշտադրումը, որ անկախ ամեն ինչից, սոցիալական ծախսերը կլինեն ապահովված:
«Կառավարության հակաճգնաժամային քայլերը բխում են այն իրողությունից, որ այսօր կա: ՀՆԱ-ն ձևավորող չորս հիմնական ճյուղերում` գյուղատնտեսություն, արդյունաբերություն, շինարարություն, ծառայութուններ, ունենք տարբերվող պատկերներ: Շինարարությունն ամենամեծ վնասն է կրել, բնական է, ուշադրությունը ոլորտի հանդեպ», - ասաց պատգամավորը:
Նա վստահ է, որ ճգնաժամի լուծման տարբեր սցենարներ կան և տարբեր հեղինակության շատ կառույցներ տարբեր կանխավարկածներ են ներկայացնում:
Ըստ Մինասյանի, հիմնական սցենարն այն պետք է դիտարկել, որ չորրորդ եռամսյակից կկագրավորվի իրավիճակը:
Շինարարության պարագայում նա մատնանշեց կայուն իրավիճակ, հավաստեց, որ ներդրումները երկարատև են, բայց տարիների ընթացքում շինարարության չափաբաժինը ՀՆԱ-ի մեջ պետք է նվազի, քանի որ ըստ Մինասյանի, «արտահանվող ճյուղ չէ»:
«Կավելանա ծառայությունների բաժինը: Մենք տարվա վերջում կունենանք ավելի պակաս, քան 10 տոկոսի տնտեսական անկում, դա նաև ԱՄՀ-ն է ասել», - նշեց պատգամավորն ու հավալեց, որ այս պահին Հայաստանի արտաքին պարտքը 13.4 տոկոս է ՀՆԱ-ի նկատմամբ, այն պարագայում, երբ ԱՊՀ-ինը`միջինը 33 տոկոս է:
Մինասյանի խոսքով, եթե մենք ևս 6 մլրդ ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ էլ ձեռք բերենք, այն չի գերազանցի 30 տոկոսը: