25/06/2009 13:34
Հայաստանի շախմատի հավաքականը հաղթում է Ֆրանսիայի թիմին
Փարիզում մեկնարկած արագ շախմատի ընկերական մրցաշարում, որին մասնակցում են Հայաստանի ու Ֆրանսիայի ազգային հավաքականները, այսօր տեղի կունենան 5-8-րդ ռաունդների մրցամարտերը: Իսկ խաղային առաջին օրվա արդյունքներով մեր թիմն առջևում է 4:1 հաշվով: Ընդ որում` առաջին ռաունդում Տիգրան Պետրոսյանն ու Վլադիմիր Հակոբյանը համապատասխանաբար պարտության մատնեցին Լորան Ֆրեսինեին ու Ժոել Լոթյեին, իսկ ահա առաջատարները` Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը, ոչ-ոքի արձանագրեցին Մաքսիմ Վոշյե Լագրավի ու Քրիստիան Բաուերի հետ պարտիաներում: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից:
Երկրորդ ռաունդը, սակայն, այնքան էլ լավ չդասավորվեց հայ շախմատիստների համար: Տիգրան Պետրոսյանը, չնայած խաղում էր սպիտակներով, պարտվեց Մաքսիմ Վոշյե Լագրավին, իսկ մնացած երեք պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Երրորդ ռաունդում կողմերը խաղաղ դաշն կնքեցին: Մեր շախմատիստները չորրորդ ռաունդում ավելի կենտրոնացած էին և կարողացան հաղթել: Այս փուլում վճռորոշը Ֆրեսինեի նկատմամբ Լևոն Արոնյանի տոնած հաղթանակն էր:
Ավելացնենք, որ այս մրցաշարում հաղթանակի համար տրվում է 1 միավոր, իսկ ոչ-ոքիները միավոր չեն նախատեսում: