01/07/2009 15:33
Ընկերությանը կտրամադրվի 5.5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
Այսօր Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկն ու «Էլիտ Գրուպ» ընկերությունը ստորագրեցին պայմանագիր` միջնաժամկետ փոխառության վերաբերյալ, ըստ որի, կառուցապատման ոլորտում առաջատար հանդիսացող «Էլիտ Գրուպ» ընկերությանը կտրամադրվի 5.5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ և 130 հազար եվրոյի դրամաշնորհ` էներգախնայողության բնագավառում կիրառվող նորարարությունները խրախուսելու համար:
Պայմանագրի ստորագրման համար Երևան էր ժամանել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի տարածաշրջանային տնօրեն Պոլ Անրի Ֆորսթիերը` ներկայացուցչական կազմով: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության անդամներ, գործարար աշխարհի ներկայացուցիչներ և լրագրողներ:
«Այսօրվա մեր միջոցառումը ունի կարևոր նշանակություն. առաջինը, որ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը տրամադրում է ֆինանսական միջոցներ: Սա արդեն վերջին ժամանակաշրջանում մեր երկրորդ այսպիսի հանդիպումն է, որը նվիրված է վարկային նոր ծրագրերի սկզբին Հայաստանի Հանրապետությունում»,- նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և հիշեցրեց, որ նախորդը` էներգետիկայի ոլորտում, աննախադեպ, ծավալային առումով, մեծ վարկ էր, որ բանկը տրամադրեց Հայաստանին և այսօր արդեն շինարարության ոլորտին տրամադրվում է 5.5 միլիոնանոց մի նոր վարկ, որը տրամադրվում է կառուցապատողին, որը «մեր լավագույն կառուցապատողներից մեկն է»:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց նաև, որ վերջերս կառավարությունը որոշում ընդունեց և նույն կառուցապատողին տրամադրեց վարկային միջոցներ ստանալու համար պետական երաշխիք:
«Այն ծրագրի շրջանակներում է տրամադրվում այս երաշխիքը, որի նպատակն է օժանդակել կառուցապատողներին` իրականացնելու շինարարական աշխատանքներ»,- նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ վարչապետի կարծիքով, այս ծրագրի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այս վարկային միջոցները , որ տրամադրվում են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի կողմից ունի նաև գրանտային էլեմենտ, քանի որ «Էլիտ գրուպը» նաև ժամանակակից էներգոխնայող տեխնոլոգիաներ է կիրառում, սեյսմակայուն շինարարություն է իրականացնում:
«Եվ այդ գրանտային էլեմենտը, կարծում եմ, նույնպես կարևոր է այս վարկային փաթեթի մեջ»,- նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: