01/07/2009 13:50
Արշավինն առաջարկ է սպասում «Բարսելոնից»
Ռուսաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Անդրեյ Արշավինը երբեք չի թաքցրել, որ ցանկանում է խաղալ իր ամենասիրելի թիմում` իսպանական «Բարսելոնում»: Անգլիական թիմի կազմում վեց ամիս անցկացնելուց հետո նա հայտարարել է, որ առաջարկ է սպասում «Բարսելոնից»: Ի դեպ, տեղական ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում Արշավինը մեկ անգամ չէ հայտարարել, որ գոհ չէ Անգլիայում գտնվելու փաստից` նկատի ունենալով ինչպես կենցաղային պայմանները, այնպես էլ բարձր հարկերը:
Ինչպես տեղեկացնում է goal.com-ը, ռուս ֆուտբոլիստը խոստովանել է, որ «Բարսելոնից» առաջարկ ստանալու դեպքում տեղափոխության որոշում կկայացնի: «Եթե «Բարսելոնում» խաղալու հնարավորություն ստանամ, երջանիկ կլինեմ»,- հայտարարել է Արշավինը:
Հիշեցնենք, որ Անդրեյ Արշավինը «Արսենալ» է տեղափոխվել 2009 թ. փետրվարի սկզբին` 17,7 մլն եվրոյով: