02/07/2009 20:56
«ԼՂՀ-ն պետք է վերադարձվի բանակցային գործընթաց»
Այս պահին տեղի է ունենում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Դորա Բակոյանիսի ճեպազրույցը լրագրողների հետ:
Ինչպես հանդիպման վայրից հաղորդեց Aysor-ի թղթակիցը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ քիչ առաջ տեղի ունեցած հանդիպման ընթացքում հայկական կողմը ներկայացրել է իր առաջարկները ԼՂՀ բանակցային հիմնախնդիրների շուրջ և լսել է Դորա Բակոյանիսի տեսակետները այդ կապակցությամբ:
Ըստ Բ. Սահակյանի հանդիպման ընթացքում խոսք է գնացել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող ձևաչափի վերաբերյալ: ԼՂՀ նախագահը նաև հայտնել է, որ հանդիպման ընթացքում նա բարձրացրել է ԼՂՀ-ն բանակցային գործընթաց վերադարձնելու հարցը` նշելով, որ նույնիսկ համանախագահող երկրները փաստել են, որ առանց հակամարտության բոլոր կողմերի մասնակցության հիմնախնդրի լուծումը հնարավոր չէ: ԵԱՀԿ գործող նախագահ Դորա Բակոյանիսը համաձայնել է այս դիտարկման հետ:
ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ, ըստ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, քննարկվել են նաև հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ԵԱՀԿ մոնիթորինգին վերաբերող մի շարք հարցեր` մասնավորապես դիպուկահարների և որոշ զինատեսակների գործադրման վերաբերյալ, որոնք ադրբեջանական կողմից բազմիցս հերքվել են: