03/07/2009 09:26
Առաջընթացը հնարավոր է ձևաչափը վերականգնելուց հետո
Երեկ երեկոյան Երևանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի արտաքին գործերի նախարար Դորա Բակոյանիսի հանդիպումը, որին հաջորդեց Արցախի ղեկավարի ճեպազրույցը:
Նախագահ Սահակյանը պատասխանեց լրագրողների հարցերին և հայտնեց ԵԱՀԿ գործող նախագահի հետ վարած բանակցությունների մասին:
Ըստ Բ.Սահակյանի, հանդիպման քննարկման թեման էր Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկայիս փուլը: «Եղան առաջարկներ մեր կողմից, իհարկե, նաև լսեցինք գործող նախագահի տեսակետները` թե բանակցային գործընթացի հետ կապված, թե իմ հարցերի հետ կապված, որոնք բարձրացվել են»,- հայտնեց ԼՂՀ ղեկավարը:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե որպես ԼՂՀ նախագահ, կո՞ղմ է, արդյոք, Բակո Սահակյանը բանակցային գործընթացին, որը տանում է պաշտոնական Երևանը` Արցախի հարցի հետ կապված, Բաքո Սահակյանը նկատեց, որ նմանատիպ ձևակերպում չպիտի արվի:
«Հայաստանի Հանրապետությունը ջանքեր է գործադրում և Հայաստանի ղեկավարությունը հայտարարել է այն միջոցառումների մասին, որոնք իրականացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը», - ասաց նա , հիշեցնելով, որ 2009 թվականի սկզբին ՀՀ արտգործնախարարը հրավիրել էր ասուլիս, որտեղ ներկայացրել էր ԱԳՆ աշխատանքների գերակայող ուղղությունները:
«Այն ժամանակ նախարար Նալբանդյանը շեշտել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի վերականգնվի բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափը, որի համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պիտի մասնակցի ամբողջ բանակցային գործընթացին», - ասաց ԼՂՀ նախագահը և նշեց, որ այս պահի դրությամբ ՀՀ իշխանություններն` ի դեմս ԱԳՆ-ի, ամեն ինչ անում են առաջին հերթին վերականգնելու այդ բանակցային գործընթացի իրական ձևաչափը:
«Միայն այդ ձևաչափը վերականգնելուց հետո մենք կարող ենք ակնկալել լուրջ առաջընթաց բուն բանակցային գործընթացում»,- ընդգծեց Բակո Սահակյանը:
Խոսելով բանակցային գործընթացին ԼՂՀ վերադարձի հնարավոր ժամկետների մասին, Բ.Սահակյանը նշեց, որ եթե հայկական կողմի կամքը և տեսակետը հաշվի առնվեին, ապա արցախյան կողմը վաղուց կմասնակցեր բանակցություններին:
Նախագահ Բակո Սահակյանը նշեց, որ թե այս տարվա ընթացքում, և թե հաջորդ ժամանակահատվածում բանակցային գործընթացում որևէ բեկում չի ակնկալում, քանի դեռ արցախյան կողմը չի մասնակցում բանակցություններին:
Արցախի ղեկավարը հայտնեց, որ ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպման ժամանակ նկատվել է Դորա Բակոյանիսի լավատեսությունն այդ հարցում:
«Թե գործող նախագահը, թե համանախագահներն իրենց հայտարարություններում ամեն անգամ նշում են, որ անհնարին է բանակցություններում լուրջ հաջողության հասնել` առանց բոլոր կողմերի մասնակցությանը», - ասաց Արցախի ղեկավարը և հավելեց, որ հայկական կողմը խնդրանք է հայտնել, որ ԵԱՀԿ-ն իր իրավասությունն ու լիազորությունները օգտագործի ձևաչափը վերականգնելու համար: