03/07/2009 09:48
ԼՂՀ նախագահը` հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի մասին
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նախօրեին երեկոյան տեղի ունեցած ճեպազրույցին հայտնեց, որ ԵԱՀԿ գործող նախագահ Դորա Բակոյանիսի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ԵԱՀԿ մոնիթորինգին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես, զինադադարի պարբերաբար խախտման փաստերը:
Բ.Սահակյանը նշեց, որ ԵԱՀԿ գործող նախագահի և Մինսկի խմբի համանախագահողների հետ նախորդ հանդիպման ժամանակ բարձրացվել է զինադադարի ռեժիմի խախտման փաստերի մասին հարցը:
«Մենք հանդես ենք եկել երկու առաջարկությամբ. մեկը վերաբերում է դիտարկման խմբի տեխնիկական հնարավորությունների ավելացմանը, ինչը հնարավորություն կտա լարվածությունը թուլացնելու շփման գծում, և մյուսը` հայկական կողմից եղել է առաջարկ` հետ քաշելու դիպուկահարներին, որը մերժվել է Ադրբեջանի կողմից», - ասաց ԼՂՀ նախագահը և հայտնեց, որ Դորա Բակոյանիսի հետ տեղի ունեցած հանդիպմանը կրկին բարձրացվել է այդ հարցը, և ԵԱՀԿ գործող նախագահը գրառումներ է կատարել և խոստացել, որ հարցը նույնպես կլինի եվրոպական այդ կառույցի աշխատանքների շրջանակներում:
Լրագրողների խնդրանքով Բ.Սահակյանն անդրադարձավ նաև ադրբեջանական կողմից հայ զինվորականների գերեվարման դեպքերին:
«Այս տարիների ընթացքում նման դեպքեր եղել են: Այս հարցը մենք բարձրացրել ենք ԵԱՀԿ գործխող նախագահի հանդիպման ժամանակ: Նման դեպքեր լինում են, երբ ադրբեջանցի զինվորներն էլ են շեղվում և, այս կամ այլ պատճառներից ելնելով, հայտնվում են շփման գծի մյուս կողմը», - նշեց Բակո Սահակյանը և հավելեց, որ այստեղ նույնպես հայկական կողմն անհրաժեշտ է համարում, որպեսզի Ադրբեջանի ռազմական և քաղաքական ղեկավարությունը ցուցաբերի համապատասխան կեցվածք և չքաղաքականացնի նման տհաճ դեպքերը:
Ըստ Բակո Սահակյանի, հայկականն կողմի զինված ուժերի հրամանատարությունը ջանքեր է գործադրում` նման դեպքերի թիվը նվազեցնելու ուղղությամբ: