03/07/2009 09:58
«Ոչ թե պատասխանում ենք «Ոչ», այլ անհեթեթություն ենք համարում»
Երեկ ԵԱՀԿ գործող նախագահ Դորա Բակոյանիսի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը անդրադարձավ հուլիս ամսին Մոսկվայում ակնկալվող Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը:
«Բոլոր հանդիպումներից մենք որոշ ակնկալիք ունենում ենք, և այդպիսի ակնկլալիքներ ունենք նաև այս հանդիպումից», - նշեց ԼՂՀ նախագահը և հավելեց, որ հայկական կողմը հույս ունի, որ վաղ թե ուշ Ադրբեջանի ղեկավարությունը կհրաժարվի իր կողմից այսօր իրականացվող քաղաքականությունից և հանդես կգա ավելի կառուցողական դիրքերից:
«Սա է մեր հիմնական ակնկալիքը ցանկացած հանդիպումից», - շեշտեց Բակո Սահակյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Է.Մամեդյարովի այն հայտարարությանը, թե պաշտոնական Բաքվի համար Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ինքնավարություն շնշորհելն է, Բաքո Սահակյանը նշեց, որ այդպիսի հարցադրումների դեպքում կառուցողական դիրքորոշումներ հնարավոր չէ ակնկալել:
«Սա հակասում է մեր պետության, մեր երկրի արտաքին քաղաքականությանը, և մենք ոչ թե պատասխանում ենք «Ոչ» , այլ անհեթեթություն ենք համարում նման հարցադրումները կամ նման մեկնաբանությունները»,- հայտարարեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: