03/07/2009 17:04
ՀԲ-ն 60 մլն դոլար կտրամադրի Հայաստանին
Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը նախօրեին հաստատել է Հայաստանի համար 60 միլիոն ԱՄՆ դոլար գումարով առաջին Զարգացման քաղաքականության գործառնությունը: Այս մասին հայտնում են ՀԲ երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունից:
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում` առաջարկվող երեք տարեկան գործառնությունների շարքերը սատարում են Հայաստանի երկու ռազմավարական նպատակներին` ներկա ցնցումների նկատմամբ խոցելիության մեղմում` անապահով խավի պաշտպանության և մարդկային կապիտալի առավել զարգացմանն աջակցելու միջոցով և մրցունակության բարելավում` ավելի լավ կառավարման և ներդրումային միջավայրի խոչընդոտները վերացնելու միջոցով, ինչը հետճգնաժամային վերականգնման և միջնաժամկետ աճի առանցքային նախապայմաններից է:
«Այս գործառնությունն օժանդակում է ճգնաժամի` արտաքին միջավայրով պայմանավորված սոցիալական ազդեցությունը մեղմելու և ճգնաժամից հետո կենսունակ աճի համար մասնավոր ներդումների ներգրավման Կառավարության ծրագրի իրականացմանը»,- ասել է պրն. Ասադ Ալամը` Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային տնօրենը:
Հայաստանին վարկը կտրամադրվի 20 տարվա ժամկետայնության և 10 տարվա արտոնյալ ժամկետի պայմաններով:
Նշենք, որ 1992 թվականին Համաշխարհային բանկին և 1993 թվականին ՄԶԸ-ին անդամակցելուց հետո Հայաստանի նկատմամբ հանձնառությունները կազմում են մոտավորապես 1 մլդ. 247 միլիոն ԱՄՆ դոլար: