06/07/2009 11:18
Դարչինյան-Ագբեկո մենամարտը` Մայքլ Ջեքսոնի երաժշտության տակ
Հայտնի մենեջեր Դոն Քինգը որոշել է հարգել վերջերս կյանքից հեռացած փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի հիշատակն առաջիկա բռնցքամարտի շոուի ժամանակ, որը տեղի կունենա հուլիսի 11-ին, և որի գլխավոր իրադարձությունը կդառնա երկրորդ թեթևքաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանի և առաջին թեթևքաշային կարգում IBF-ի վարկածով չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոյի մենամարտը:
Ինչպես նշվում է «Don King Pruductions» ընկերության տարածած մամուլի հաղորդագրության մեջ, Մայքլի հիշատակին կհնչեն գոնգի ավանդական 10 հարվածները: Բացի այդ, շոուն կուղեկցվի Ջեքսոնի երաժշտությամբ, կցուցադրվեն որոշ տեսագրություններ: Մասնավորապես` Դոն Քինգն իր արխիվից կհանի մի քանի բացառիկ տեսաժապավեններ, որոնք նկարահանվել են 1984 թ., «The Jackson 5» խմբի մրցաշրջագայության ժամանակ:
«Ինչպես աշխարհում շատերը, ես նույնպես ցանկանում եմ հարգել երաժշտության այդ հանճարի հիշատակը, ում ես սիրել եմ, և ում հետ մենք ընկերներ էինք,- հայտարարել է Քինգը:- Բռնցքամարտի իմ հաջորդ միջոցառումը տեղի է ունենալու հուլիսի 11-ին, ուստի մենք որոշեցինք այդ օրը հարգանքի տուրք մատուցել նրան հնարավոր բոլոր միջոցներով»: