08/07/2009 16:36
«Բարսելոնը» ֆուտբոլային դպրոց բացեց Ճապոնիայում
Իսպանական «Բարսելոնն» իր առաջին ֆուտբոլային դպրոցն է բացել Ճապոնիայում: Ստեղծված պայմանները ողջ տարվա ընթացքում, անկախ եղանակային պայմաններից, 12-16 տարեկան մոտ 200 երեխաների հնարավորություն կտան մշտապես մարզվել:
Ավելացնենք, որ սա կատալոնյան ակումբի կողմից ստեղծված 14-րդ մարզադպրոցն է պատանի ֆուտբոլիստների համար: Ասիայում «կապտանռնագույնների» մյուս դպրոցը գործում է Հոնկոնգում: Այս մասին տեղեկացնում է իսպանական «Marca» թերթը:
Ըստ մեր տեղեկությունների` ժամանակին հայաստանյան ակումբները, մասնավորապես` «Բանանցը», փորձում էին համագործակցության եզրեր գտնել եվրոպական որևէ հզոր ակումբի հետ: Սակայն այդ գործընթացը հաջողությամբ չպսակվեց: Բնականաբար, ֆուտբոլային գրանդները գումարներ են ներդնում այն երկրներում, որտեղ զարգացման նախապայմաններ ու հնարավորություններ են տեսնում: Մեկ հայ աստղի հայտնությունն արդեն կարող է տեղաշարժ արձանագրել մեր մասին եվրոպացիների պատկերացումներում, սակայն Աստված գիտի, թե այդ ֆուտբոլիստին մենք դեռ որքան ենք սպասելու: