08/07/2009 11:57
Aysor.am-ի հրապարակման արձագանքը. հայ մարզիկները վարակված չեն
Երեկվա լրահոսում արդեն տեղեկացրել ենք, որ Սերբիայում ընթացող համաշխարհային ունիվերսիադայում խոզի գրիպի վարակի 2 դեպք է գրանցվել: Սերբիայի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ վարակված են Ուգանդայի և Արգենտինայի ներկայացուցիչները: Մինչ այդ, ի դեպ, A/H1N1 գրիպ էր բացահայտվել նաև Ավստրալիան ներկայացնող լողորդներից մեկի օրգանիզմում:
Արձագանքելով aysor.am-ի հրապարակմանը` ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ռուսլանա Գևորգյանը տեղեկացրեց, որ մեր թղթակցի կողմից բերված փաստերը ներկայացվել են խնդրով զբաղվող համապատասխան կառույցներին: Բացի այդ, Ռ. Գևորգյանն ունիվերսիադայում տիրող իրավիճակի մասին զեկուցել է փոխնախարարին: Արդյունքում ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչներն արագ կապ են հաստատել Բելգրադում գտնվող հայկական մարզական պատվիրակության ղեկավարության հետ: Համաձայն ստացված տեղեկությունների` հայ մարզիկներն առողջության հետ կապված որևէ խնդիր չունեն: Ճիշտ է, թաեքվոնդո մարզաձևում Արման Երեմյանը մրցակցել է արգենտինացու հետ, սակայն լիովին առողջ է: Առողջապահության նախարարի մամուլի քարտուղարը հավելեց նաև, որ, անկախ ստացված լավատեսական լուրերից, հայ մարզիկներն ու մարզիչները, ում անունները ճշգրտված են, «Զվարթնոց» օդանավակայանում կենթարկվեն բժշկական ստուգման:
Ավելացնենք, որ նրանք, ովքեր ունիվերսիադայում շփվել են վարակակիրների հետ, արդեն մեկուսացվել են: Նպատակը մեկն է` կանգնեցնել վարակի տարածումն առաջնությունում, որին մասնակցում են 8500 մարզիչներ ու մարզիկներ: Հուլիսի սկզբից սկսած` սա Սերբիայում խոզի գրիպով վարակի 21-րդ բացահայտված դեպքն է: