15/07/2009 09:48
Շշալցված ջուր. ի՞նչ ես և ինչպիսի՞ն ես
Վերջերս Ավստրալիայի փոքրիկ Բունդաունա քաղաքի բնակիչները բնապահպանական նկատառումներով դեմ էին քվեարկել շշալցված խմելաջրի օգտագործմանը: Այդ որոշումը կայացվել էր, որովհետև խմելաջրի պլաստիկ շշերը անթիվ-անհամար քանակությամբ հայնվում են աղբանոցում՝ առաջացնելով բնապահպանական վտանգ:
Հայաստանում մի քանի շշալցված խմելաջուր և այլ ըմպելիքներ արտադրող ընկերություններ են գործում: Արդյունքում մեր երկրում նույնպես առաջանում է բավականին պատկառելի պլաստիկե աղբակույտ, բայց ի տարբերություն ավստրալիական փոքրիկ քաղաքի, հայաստանյան պլաստիկե շշերը երբեմն նույնիկս աղբավայր չեն հասնում, այլ «թափառում են» Հայաստանի ողջ տարածքով: Նույնը վերաբերում է նաև այլ ըմպելիքների պլաստիկ շշերին, որոնցով ողողված է հայաստանյան շուկան:
Տարածված աղբը, նաև պլաստիկե շշերը, ավելանում են հատկապես ամառային շոգ եղանակին: Երևանում ցայտաղբյուրները շատ չեն, բայց գործում են: Հատկապես շոգ եղանակին պահանջված սառը ջուրը պլաստիկե շշում արագ տաքանում է և դառնում ծառավը հագեցնելուն ոչ պիտանի, ինչի արդյունքում մնում է կիսադատարկ, տաք շիշը, որն էլ նետում են ուր պատահի:
Հավելենք նաև, որ շշալցված խմելաջրի որակի ստուգում չի կատարվում, չնայած ժամանակին կատարվել է, բայց համաձայն Կառավարության 2009թ.-ի մայիսի 29 թիվ 594 Ն որոշմամբ հունիսի 1-ից մինչև 2011թ.-ի հունվարի մեկը դադարեցվում է մանր ու միջին ձեռնարկություններում վերահսկողությունը՝ արտադրությունը խթանելու համար:
Aysor-ի հետ զրույցում Գյուղնախարարության սնննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետ Արթուր Վարժապետյանը այս կապակցությամբ ասաց. «Շշալցված ջուր արտադրող կազմակերպության նկատմամբ որևէ պատժամիջոց չի կիրառվել, քանի որ չհասցրեցինք մինչև վերջ ուսումնասիրել այդ ոլորտը: Կառավարության այս որոշումը ենթադրում է խրախուսել արտադրողներին, բայց ես սննդի անվտանգության տեսակետից դեմ եմ, որովհետև դա ազգային անվտանգության հարց է»:
Շշալցված խմելաջուրը անհանգստացրել է նաև Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանին: Նա չցանկացավ առանց ուսումնասիրելու մեզ հետ կիսել շշալցված խմելաջրի հետ կապված իր մտահոգությունները, սակայն ասաց. «Սպառողների ազգային ասոցիացիան նախատեսել է անցկացնել շշալցված ջրի լաբորատոր ստուգում: Պայմանագիր ենք կնքել լաբորատորիայի հետ, որ ջրի նմուշներ ուղարկենք, բայց մինչև լաբորատոր ստուգումների արդյունքերը չունենանք, չենք կարող տեղեկատվություն տալ»:
Հավելենք նաև, որ պլաստիկե շշերը հայ տնտեսուհիներն օգտագործում են կենցաղում` ջուր, խմիչքներ, կաթ լցնելով, կամ էլ պարզապես խաղողի տերև են փակում ձմռան համար: Տարածված է նաև գյուղերից քաղաք բերվող կաթի վաճառքը` շշալցված հենց այսպիսի պլաստիկե շշերով: Բացի այն, որ պլաստիկե շիշը այրելուց առաջացնում է թունավոր գազեր, դրա կրկնակի օգտագործումն էլ ավելի վտանգավոր է առողջության համար:
«Եթե սննդի ասպարեզում հիմնավոր վտանգ լինի, այդ դեպքում դիմում են վարչապետին: Վարչապետի գրավոր թույլտվության հիման վրա հնարավոր է ստուգումներ անցկացնել: Հայաստանյան պայմաններում որակի վերահսկողության բացակայությունը լավ բանի չի բերի»,- իր մտահոգությունը հայտնեց Արթուր Վարժապետյանը:
Իսկ ինչ վերաբերում է պլաստիկե շշերի անվտանգ լինելուն, տեղեկացնենք, որ «New York Times»-ի հրապարակումներից մեկում նշվել է, որ բիսֆենոլ A-ն (BPA), որը կազմում է պինդ, մաքուր պոլիկարբոնատի պլաստմասե տարայի բաղադրիչ մասը, հետազոտվում է ԱՄՆ կառավարության Ազգային Տոքսիկոլոգիայի Ծրագիրի կողմից: Գիտնականների մոտ մտահոգություն է առաջացել ֆիզիոլոգիական այն փոփոխությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունենում մարդկանց մոտ, երբ վերջիններն իրենց սննդամթերքի մեջ «ուտում են» լուծված BPA-ն:
Կանադայի կառավարությունը անգամ մտադիր է հայտարարել քիմիական թունավորման մասին: Սա կարող է սկիզբ հանդիսանալ մանկական պլաստիկ շշերի, ջրի շշերի, և այլ սնունդի պլաստիկ տարաների օգտագործման արգելման համար:
BPA-ն մտահոգության առիթ է տվել, որովհետեւ այն էստրոգենի ներգործություն է ունենում, միջամտելով հորմոնների քանակին և բջիջների արձագանքման համակարգին:
Վերադառնանք շշալցված խմելաջրին, որը ամենօրյա պահանջված ապրանք է, մարդու կենսագործունեության բանալին, իսկ այդ բանալին վստահել պարզապես «մանր» կամ «խոշոր» կասկածելի ձեռներեցի՝ իրոք, ազգային անվտանգության հարց է: Նկատի ունենանք նաև, թե մենք որքան «պատվախնդիր» ենք արտադրությունում, իսկ այդ «անվերահսկելի պատվախնդրությունը» վտանգում է նաև շրջակա միջավայրը և մարդկանց առոջությունը: