16/07/2009 17:52
Ջերմուկը` առողջ կենսակերպի կենտրոն
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ջերմուկ քաղաքի զարգացման 2009-2012 թթ. ռազմավարությանը: Խնդիր է դրվում այդ քաղաքը դարձնել առողջ և ակտիվ կենսակերպի կենտրոն, որը զբոսաշրջիկներ կհյուրընկալի Հայաստանից, եվրոպական, ԱՊՀ և հյուսիսամերիկյան երկրներից: Ռազմավարության հիմքում դրված են հետևյալ հայեցակարգային նպատակները` Ջերմուկը դարձնել շուրջ տարին գործող միջազգային չափանիշներին համապատասխանող առողջ և ակտիվ կենսակերպի զբոսաշրջային քաղաք, որը զարգացվելու է որպես առողջարանային, ձմեռային և մշակութային զբոսաշրջության, շախմատի միջազգային մրցաշարերի կազմակերպման կենտրոն, համահայկական և միջազգային մանկապատանեկան և երիտասարդական ճամբարատեղի: Տարեկան ապահովվելու է 100 հազար զբոսաշրջային այցելություն, տուրիզմից` 100 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ եկամուտ, 4 հազար աշխատատեղ: Ռազմավարությունը ներառում է հայեցակարգային նպատակների և խնդիրների վրա հիմնված միջոցառումների ցանկ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Զբոսաշրջային արդյունաբերությանն ուղղակիորեն և անուղղակիորեն առնչվող խնդիրները վեր են հանվել կատարված վերլուծության մեջ ներկայացված ուժեղ կողմերն առավել զարգացնելու և թույլ կողմերը նվազեցնելու, հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու և ռիսկերը չեզոքացնելու նպատակով:
Անմիջականորեն զբոսաշրջության ոլորտին առնչվող նպատակներին ուղղված միջոցառումների հիմնական պատասխանատուն ոլորտում ներգրավված մասնավոր հատվածն է, իսկ պետական հատվածն ու տեղական ինքնակառավարման մարմինները առավելապես ներգրավված են ընդհանուր զարգացման գործընթացներում: