23/07/2009 00:20
«Էկրանասի» մամուլի քարտուղարին Բաքվում չեն ընդունել
Լիտվական «Էկրանաս» ակումբի մամուլի քարտուղար Գեդաս Սորոչկային, ով իր թիմի մարզական պատվիրակության կազմում ժամանել էր Բաքու` հետևելու Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի շրջանակներում «Բաքու»-«Էկրանաս» պատասխան հանդիպմանը, ստիպել են վերադառնալ: Այդ որոշումն ադրբեջանցիները բացատրել են այն հանգամանքով, որ Սորոչկայի անձնագրում առկա կնիքը վկայել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն նրա այցելության փաստի մասին: Հիշեցնենք, որ Սորոչկան Լիտվայի լրագրողների հավաքականի կազմում մայիսի կեսերին ժամանել էր Ստեփանակերտ և մասնակցել ԱՊՀ և բալթյան երկրների լրագրողների թիմերի մրցաշարին: Ինչպես հայտարարել է Սորոչկան, նրան առաջարկվել է Բաքու ժամանելու միայն մեկ հնարավորություն. պետք է փոխի անձնագիրը: Սակայն դրա համար այլևս ժամանակ չկար, և «Էկրանասի» մամուլի քարտուղարն ստիպված է եղել հաշտվել տուն վերադառնալու մտքի հետ:
Ադրբեջանի իշխանություններն իրենց պահվածքով հայտնվել են ծիծաղելի իրավիճակում` նմանվելով կամակոր այն երեխային, որը չի ուզում շփվել մեկի հետ, ով լավ հարաբերություններ է պահպանում իր հակառակորդի հետ: Խռովկանություն, անքաղաքավարություն, լրջության իսպառ բացակայություն: Այլ բառերով անհնար է բնութագրել եղելությունը:
Այսպիսի քաղաքականությամբ ադրբեջանցիներն ուզում են աշխարհին ապացուցել, որ ցավագին են ընդունում ԼՂՀ գոյության ճանաչման ցանկացած ձև: Հետաքրքիր կլիներ, եթե ադրբեջանցիների օրինակին հետևեին նաև այլ երկրներ և արգելեին այն մարդկանց մուտքն իրենց տարածք, ովքեր եղել են Ադրբեջանում: Չէ, դա անհնար է, որովհետև աշխարհում ուրիշ մի երկիր չես գտնի, որտեղ տարրական հարգանքի ու քաղաքավարության, այլոց սեփական հայացքները հարգելու բացակայության նման մակարդակ լինի: