25/07/2009 11:33
Ստուգողական աշխատանքը գնած ուսանողուհին դիմել է ոստիկանություն
Մոսկովյան սոցիալ-հոգեբանական ինստիտուտի վլադիմիրյան մասնաճյուղի ուսանողուհին, դժգոհ լինելով ստուգողական աշխատանքի գնահատականից, դիմել է ոստիկանություն: Այս մասին գրում է «Նովայա Իզվեստիա» թերթը:
Դիմումում աղջիկը խնդրում է պատժել այն մարդուն, ումից նա գնել էր այդ ստուգողականը: Նրա խոսքերով, անծանոթը խոստացել էր, որ աշխատանքի համար գնահատականը կլինի «գերազանց», սակայն դասախոսը ուսանողուհուն միայն «բավարար» է նշանակել:
Բացի այդ, իր դիմումում աղջիկը նաև պահանջում է, որպեսզի իրեն վերադարձնեն վճարված գումարը: Գործարքի արժեքը չի նշվում:
Ինչպես հաղորդում է պարբերականը, հղում անելով ՆԳՎ ղեկավար Ալեքսանդր Ռուդենկոյին, ավելի վաղ քաղաքում արդեն եղել էին նման դեպքեր: Մի անգամ ԲՈՒՀ-ի շրջանավարտը ոստիկանությունից պահանջել էր պատժել մի մարդու, ով իր փոխարեն պատրաստել էր դիպլոմային աշխատանքը, որի հանձնումից հետո նա խնդիրներ էր ունեցել:
Այն ժամանակ քրեական գործի հարուցումը մերժվել էր: Նոր դիմումի վերաբերյալ որոշում դեռ չի ընդունվել: