27/07/2009 17:47
Թալան՝ բանկից առաջ
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ «ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղի վրա ավազակային հարձակման մեջ մեղադրվող Վրաստանի չորս քաղաքացիները նաև բնակարաններ են թալանել:
Ըստ աղբյուրի, հուլիսի 5-ին` ժամը 07.15-ին, Նազիկ Բ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժին հայտարարություն է տվել, որ նույն օրը` ժամը 05.40-ին, իր բջջային հեռախոսահամարի վրա բնակարանի անվտանգության համակարգից զանգ է ստացվել, երբ վերադարձել է տուն, նկատել է, որ մուտքի դռան փականը կոտրված է, դուռը կիսաբաց վիճակում է, սակայն, բնակարանը ստուգելուց հետո պարզել է, որ ոչինչ չեն գողացել:
Հուլիսի 26-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների իրականացրած օպերատիվ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել են հուլիսի 22-ին «ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղի վրա ավազակային հարձակում կատարելու համար հաջորդ օրը հայտնաբերված և ձերբակալված Դ.Աբուլաձեն, Ռ.Գուլբատաշվիլին, Թ.Դավիթաշվիլին և Գ. Աբուլաձեն:
Նույն աղբյուրի համաձայն` հուլիսի 21-ին, ժամը 09.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բայրոնի փողոցի 8 շենքի թիվ 6 բնակարանից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն գիշերը կոտրել են Վիկտորիա Լ.-ին պատկանող, 1967 թ. ծնված Բորիս Ն.-ի հսկողությանը հանձնված, նույն շենքի թիվ 3 բնակարանի մուտքի դռան փականը և հնարավոր է, որ գողություն են կատարել:
Հուլիսի 26-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների իրականացրած օպերատիվ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել են հուլիսի 22-ին Բաղրամյան պողոտայում գտնվող «ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղի վրա ավազակային հարձակում կատարելու համար հաջորդ օրը հայտնաբերված և ձերբակալված Դ.Աբուլաձեն, Ռ.Գուլբատաշվիլին, Թ.Դավիթաշվիլին և Գ. Աբուլաձեն:
Գողոնը մասամբ առգրավված է: