28/07/2009 19:51
«Կոնվերս բանկի» խորհրդում նշանակվել են ԱՄՆ-ից ժամանած անդամներ
Այսօր «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն հայտնել է Խորհրդի կազմում` Նյու Յորքից ժամանած երկու կարևոր անդամների նշանակման մասին: Ջոն Տոնելին և Ռոբերտ Սեդրակյանը կստանձնեն իրենց պաշտոնները ՀՀ Կենտրոնական բանկի կողմից իրենց նշանակման հաստատումից անմիջապես հետո:
Ջոն Տոնելին Նյու Յորքի ՋեյՓի Մորգան Չեյզ Բանկի ավագ բանկիր է և Միջազգային ծրագրերի ֆինանսավորման բաժնի ղեկավար, ունի միջազգային ֆինանսական ոլորտում ավելի քան 20 տարվա փորձ: Մինչ ՋեյՓի Մորգան Չեյզում աշխատելը նա եղել է Բեյր Ստիերս ընդ Կո-ի ավագ գործադիր տնօրեն և Ձևավորվող շուկաների կառուցվածքային ֆինանսավորման բաժնի ղեկավար: Դրանից առաջ նա եղել է Նյու Յորքում գտնվող խոշոր Ուոլ Սթրիթի իրավաբանական ընկերության` Կադվալադեր Վիկերշեմ ընդ Թաֆտի իրավաբան:
Պարոն Տոնելին բակալավարի կոչում է ստացել Կոլումբիայի համալսարանում, իսկ իրավանական կրթությունը ստացել և մագիստրատուրան ավարտել է Ֆորդհամի համալսարանում
Ռոբերտ Սեդրակյանը Հելիոս Գրուպի` Նյու Յորքում գտնվող մասնավոր ներդրումային ընկերության գործադիր տնօրենն է: Մինչ Հելիոս Գրուպի կազմավորումը պրն. Սեդրակյանը եղել է Սանբիմ Օսթեր ընկերության Գլխավոր ֆինանսական ղեկավարը: Սանբիմ Օսթերը սպառողական ապրանքների միջազգային ընկերություն է, որն ընդգրկված է Ֆորթյուն ամսագրի 500 ընկերությունների թվում: Նա նաև գլխավոր գործընկեր է եղել Ջապոնիկա Փարթներսում, որը գնման և ներդրումների ակտիվ գործող ընկերություն է: Դրանից առաջ նա աշխատել է Կալիֆորնիայի Ֆըրսթ Ինտերսթեյթ Բանկի առևտրային բանկային բաժնում: Պրն. Սեդրակյանը բակալավրի կոչում է ստացել տնտեսագիտությունից և մագիստրոսի կոչում ֆինանսական ոլորտում, ինչպես նաև միջազգային բիզնես է սովորել Հարավային Կալիֆորնիայի համալսարանում:
Նշանակման մասին հայտնելիս բաժնետերերը նշել են. «Մեր բանկի համար առաջնային են վստահությունը, անխոցելիությունը և հաճախորդների սպասարկումը: Այդ պատճառով մենք մշտապես իրականացնում ենք ծրագրեր, որոնցով մենք ընկալվում ենք շուկայում որպես Հայաստանի առաջատար բանկերից մեկը, որը ունի անբասիր հեղինակություն: Ուոլ Սթրիթի երկու փորձառու մասնագետների նշանակումը որպես մեր բանկի խորհրդի անդամներ ավելի կբարելավի մեր ղեկավարության և աշխատակազմի պրոֆեսիոնալիզմի որակը և մակարդակը»:
«Ջոն Տոնելի և Ռոբերտ Սեդրակյանի նշանակումը որպես «Կոնվերս բանկի» թիմի ավագ անդամներ նշանակալիորեն կավելացնի բանկի հնարավորությունները և կխթանի իր հաճախորդներին նոր առաջնակարգ ծառայությունների մատուցումը»,- ավելացրել են բաժնետերերը:
Այս նշանակումների մասին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նկատել է, որ պրն. Տոնելիի և պրն. Սեդրակյանի նշանակումը դրական են «Կոնվերս բանկի» համար և օգտակար Հայաստանի բանկային համակարգին: