30/07/2009 18:30
Մասիսում վարդագույն կայարան է բացվել
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն այսօր առաջին ուղևորներին ներկայացրեց վերանորոգված ու ավելի հարմարավետ դարձած Մասիսի կայարանը:
Այստեղ գերակշռող վարդագույնը գրավեց բոլորի ուշադրությունը, իսկ կիզիչ արևը չխանգարեց առաջին ուղևորներին զննել տեղանքը, ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խոկովի, գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանի և մյուս պաշտոնատար անձանց հետ շրջել կայարանում:
«ՀԿԵ» գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ Մասիսի կայարանն այսօր փոխել է իր նշանակութունը և դա պայմանավորված է երկաթուղու սխեմայի մեջ տեղի ունեցած փոփոխություններով:
«Մասնավորապես Արաբկիր գծահատվածի ապամոնտաժման հետ կապված` Մասիսի կայարանն ավելի մեծ նշանակություն ձեռք բերեց: Ամենակարևոր կայարանն է, 5 ուղղութուններով գնացքներ են այստեղից շարժվում»,- նշեց Հարությունյանը:
Նա տեղեկացրեց, որ կայարանում նորոգվել են ուղևորատար երկու հարթակներ, երկաթուղային գծեր, ներդրվել են ինֆորմացիոն տեխնոլոգիաներ:
Ի դեպ, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ կիրառելու առաջին փորձն է, որով անգամ բեռնափոխադրողները կարող են էկրանի վրա տեսնել իրենց բեռները:
Հուլիսից նաև գծային տեխնիկան է փոխարինվում, նվազում է ձեռքի աշխատանքը:
«Մենք ստանում ենք նոր ծառայություններ: Առաջ, եթե հեռախոսով էինք ճշտում ժամանումը, այժմ համակարգչով ենք տեղեկանում ամեն ինչին, թե ինչպե՞ս են ժամանում գնացնքերը, արդյոք վթարային որևէ իրավիճակ կա՞, թե՞ ոչ և այլն»,- ասաց գլխավոր ինժեները:
Ս. Հարությունյանն անդրադարձավ նաև ֆինանսական մասին, նշեց, որ ողջ ծրագրի համար նախատեսված է 100 մլն դրամ, այդ թվում` շինարարական աշխատանքների վրա արդեն ծախսվել է մոտ 50-55 մլն դրամ, 20-25 մլն դրամ` գծերի տնտեսման համար, ևս 10 մլն դրամ ծախսվել է կառավարման համակարգերի ներդրման համար:
«Գիտենք, որ այս տարվանից ընկերությունը ներդրումային ծրագրերի մեջ է մտնում, բոլոր ծախսերն, արդեն շուրջ 6 ամիս է, կատարվում են բյուջետային համակարգով»,- ասաց նա:
Նշենք, որ «ՀԿԵ»-ն ամբողջությամբ էլեկտրաֆիկացված է, հանդերձավորված է կիսաավտոմատացված բլոկավորման կապի ժամանակակից տեխնոլոգիական համակարգերով, ունի 75 կայարան, որոնցից 4-ը` կցվածքային են: Այսինքն` գնացքները հասնում են հարևան երկրներ` Այրում-Սադախլու (Վրաստան), Ախուրյան-Դոգուկապի (Թուրքիա), Երասխ-Վելիդաղ (Ադրբեջան), Իջևան-Բարխուդարլի (Ադրբեջան):