30/07/2009 16:37
«Ագարակում և Քաջարանում հարկադիր պարապուրդում գտնվող մարդ չկա»
Ագարակի և Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատների աշխատանքային ծավալներն այնքան են, որքան խորհրդային ժամանակներում եղած աշխատանքի ծավալները: Այսօր ասուլիսում այս մասին տեղեկացրեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:
Նրա խոսքերով, ձեռնարկությունների աշխատողները նորմալ գնում են աշխատանքի, ստանում են իրենց աշխատավարձը, որի վերաբերյալ ՀՀ նախագահը կարգադրել է` անկախ նրանից` աշխատողները կաշխատեն, թե ոչ, նրանց աշխատավարձերը պետք է տրվեն:
«Հարկադիր պարապուրդում գտնվող մարդ չկա»,- հայտարարեց Սյունիքի մարզպետը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ, այս տարի Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատին հատկացվել է 14 մլն դոլար վարկ, իսկ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատին` $10 մլն բյուջետային վարկ: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով պղնձի և մոլիբդենի գներն աշխարհում աննախադեպ կտրուկ անկում էին արձանագրել` նվազելով 3-3.5 անգամ: