06/08/2009 18:11
Շուկան գրեթե դատարկ է, շուկայից դուրս` արևելյան բազար
Ի՞նչն է պատճառը, որ գյուղմթերքների շուկաները գրեթե դատարկ են, իսկ շուկայից դուրս կամ մայթի վրա միջնադարյան մի շուկա է, որտեղ ամեն ինչ հակասանիտարական վիճակում է վաճառվում: Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն ասաց. «Մենք քաջ գիտակցում ենք, որ կան հստակ շահեր: Փողոցում կատարվող առևտուրը պաշտոնապես չի հարկվում: Պետք է ստեղծել նպաստավոր պայմաններ, որ այդ առևտուրը տեղափոխվի շուկա»:
Լուծման ուղղություններից բանախոսը համարում է սուպերմարկետներում գյուղմթերքների վաճառքը և գյուղմթերքների շուկաներում տեղավճարի նվազեցումը:
Սպառողների միության նախագահին համոզել են, որ գյուղմթերքների շուկաներում տեղավճարը 600-ից 800 դրամ է: Այդ դեպքում, լրագրողները հարցրեցին բանախոսին, ինչու՞ են առևտրականները գերադասում շուկայի հարևանությամբ կամ փողոցների մայթին հակասանիտարական պայմաններում առևտուր անել:
Ա. Պողոսյանը կարծիք հայտնեց, որ հնարավոր է` իրեն գումարի հարցում ոչ ճիշտ տեղեկություն են տրամադրել:
Բանախոսը նշեց, որ շուկայի հարևանությամբ տեղավճար պետականորեն չի գանձվում և մտնում է որոշակի մարդկանց գրպանը, իսկ շուկայի տեղավճարից մուծումներ են կատարվում:
Սակայն, ըստ Ա. Պողոսյանի առաջընթաց կա հենց առևտրի կազմակերպման և վարվելաձևի մեջ և հիշեցրեց, թե ինչպես էին վարվում մարդկանց հետ վաճառողներն ու մատուցողները խորհրդային տարիներին:
«Իսկ ինչ վերաբերում է սննդամթերքի որակին, ապա մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կա սննդամթրքի որակի շատ էական լավացում: Կաթնամթերքը, մսամթերքը, գարեջուրը, հանքային ջրերը մրցունակ են և խնդիրը արտահանման ծավալները մեծացնելն է»,- վստահեցրեց սպառողների միության նախագահը:
Սպառողների միության նախագահը հատուկ նշեց, որ սննդամթերքներից համառորեն չեն մակնշվում պաղպաղակը և ձուն, որոնք համարվում են շուտ փչացող մթերք և հավելեց, որ որքան արագ ստուգումների մեթոդներն են բարելավվում, ավելի արագ կեղծումներն են կատարելագործվում: