06/08/2009 12:31
3 բրոնզե մեդալ. Անկարայում հնչում է Հայաստանի հիմնը
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մինչև 55 կգ քաշային կարգում Ալեքսան Միքայելյանը 3-րդ տեղի համար ծավալված լարված պայքարում հաղթեց ռուսաստանցի Մինգիյան Սեմյոնովին և առաջին բրոնզե մեդալը պարգևեց Հայաստանի հավաքականին:
Մինչև 66 կգ քաշային կարգում Հովհաննես Վարդերեսյանը 4:0 հաշվով վստահորեն պարտության մատնեց հունգարացի Մարտին Շաբոյին և մեր երիտասարդական ընտրանու հավաքածուն հարստացրեց ևս մեկ բրոնզե մեդալով: Իսկ Ռուսաստանը ներկայացնող Միհրան Հարությունյանը եզրափակչում զիջեց իրանցի Սաիդ Աբդևալին ու բավարարվեց արծաթե մեդալով:
Մինչև 84 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանին նույնպես հաջողվեց Հայաստանի հիմնը հնչեցնել Անկարայում: Հայ մարզիկը Բելառուսի ներկայացուցիչ Ջավիդ Համզատովի հետ վճռորոշ գոտեմարտում առավելության հասավ 3:1 հաշվով և արժանացավ բրոնզե մեդալի:
Այսպիսով` Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականն Անկարայում ելույթներն ավարտեց 3 բրոնզե մեդալով: Շուտով պայքարի մեջ կմտնեն ազատ ոճայինները…