07/08/2009 13:28
Վրացական կողմը անպատասխան է թողել ՀՀ կառավարությանը
Վրաստանի իրավասու շրջանակներն այդպես էլ չեն պատասխանել ՀՀ կառավարությանը և Գյուղատնտեսության նախարարությանը` Հայաստանից Վրաստան կարտոֆիլի արտահանումներն արգելելու կապակցությամբ: Ինչպես Aysor-ին հայտնեց ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, վրացական կողմի հետ բանակցությունները արդյունք չեն տվել և սահմանները մնացել են փակ:
Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում արտադրվել է տարեկան շուրջ 539հզ տոննա, իսկ անցած տարի` 648հզ տոննա կարտոֆիլ, որը, ըստ ցանքատարածությունների` 35հզ հեկտար է:
Փոխնախարարը նշեց, որ 1հա-ի միջին բերքը բավականին բարձր էր, և անցած տարվա ցուցանիշը 80-90հզ տոննայով գերազանցել է նախորդ տարիների ցուցանիշները:
Ս. Գալստյանը հիշեցրեց, որ այս տարի մինչև մարտի վերջը Վրաստանի հետ սահմանը բաց էր, սակայն ապրիլին հայտնվեց ոչ պաշտոնական լուր, որը, ի դեպ վրացական կողմը պարտավոր էր պաշտոնապես տեղեկացնել ՀՀ կառավարությանը, թե իբր իրենց երկրում հայտնվել է կարտոֆիլի վնասատու, որն իրենց խոչընդոտում է, և փակեցին Վրաստանի հանրապետություն կարտոֆիլ ներկրելու հնարավորությունը: Բայց Վրատանից այլ հանրապետություններ առաքում իրականացվել է:
2008թ. Հայաստանի Գեղարքունիքի մարզից Վրաստան է արտահանվել 3500տ կարտոֆիլ, այս տարի մինչև սահմանի փակումը արտահանվել է 1500տ: