10/08/2009 11:13
Սերժ Սարգսյան. «Վստահ եմ, բոլորիս ակնկալիքներն իրականանալու են»
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին նվիրված ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» շարքի 5-րդ` «Ջերմուկ-2009» մրցաշարի բացման արարողության ժամանակ տրամադրել է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Իր խոսքում ՀՀ նախագահն ասել է.
«Հարգելի պարոն Իլյումժինով,
Հարգելի շախմատիստներ,
Հարգելի ներկաներ:
Բոլորիդ հաճույքով ողջունում եմ Ջերմուկում: Այսօր Հայաստանը հյուրընկալում է շախմատային մի մրցաշար, որի անցկացումը կարող է պատիվ բերել ցանկացած երկրի: Այն ժողովուրդների համար, որոնք սիրում, գնահատում և ընկալում են շախմատը, այսպիսի մրցաշարերը դառնում են տոն:
Մոտակա մի քանի օրերի ընթացքում աշխարհի շախմատիստների ու շախմատասերների ուշադրությունը սևեռված է լինելու Ջերմուկի վրա: Բոլորն ակնկալում են լավ, որակյալ խաղ, հետաքրքիր մրցապայքար, և վստահ եմ, բոլորիս ակնկալիքներն իրականանալու են:
Ամեն ինչից զատ, այս մրցաշարը մի կարևոր խորհուրդ էլ ունի: Այն նվիրված է աշխարհի շախմատի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 80-րդ տարեդարձին: Տիգրան Պետրոսյանը մեզ համար ավելին է, քան շախմատային հսկան: Նա մեր ազգային արժանապատվության խորհրդանիշն է, մեր բազմադարյա պատմության ամենավառ անհատականություններից մեկը:
Տիգրան Պետրոսյանն ապացուցեց, որ հայկական շախմատը կարող է և պետք է ունենա լուրջ նվաճումներ: Նրա հաղթանակը, սպորտային հաջողությունները դաստիարակեցին մի քանի սերունդներ: Տիգրան Պետրոսյանի հաղթանակից հետո հայկական բոլոր ընտանիքներում շախմատ էին խաղում: Այս հետաքրքիր երևույթը չէր կարող արդյունք չտալ, որը մենք կարողացանք լիաթոք ըմբոշխնել շուրջ քառասունչորս տարի հետո, երբ Հայաստանի տղամարդկանց հավաքականը դարձավ օլիմպիական չեմպիոն: Այսօր մենք հպարտությամբ ասում ենք, որ Հայաստանն օլիմպիական կրկնակի չեմպիոնների հայրենիքն է: Մեր շախմատիստները գրեթե յուրաքանչյուր ամիս հասնում են նոր հաջողությունների, որոնցից վերջինը Լևոն Արոնյանի հաղթանակն էր արագ շախմատում:
Շնորհակալ եմ, Լևո՛ն ջան: Շնորհավորում եմ, բայց մենք ավելին ենք սպասում:
Մի առիթով Տիգրան Պետրոսյանն ասել է. «Շախմատը ձևով խաղ է, բովանդակությամբ` արվեստ, իսկ տիրապետելու բարդությամբ` գիտություն»: Թող այս օրերին Ջերմուկի վրա թևածեն հետաքրքիր խաղը, գեղեցիկ արվեստը և ֆունդամենտալ գիտությունը:
Բարի՛ երթ, «Ջերմուկ-2009»: