11/08/2009 12:45
Արկադի Անդրեասյանը 62 տարեկան է
Երևանի «Արարատ» ակումբի փոխնախագահ Արկադի Անդրեասյանն այսօր դարձավ 62 տարեկան: Հայ հռչակավոր ֆուտբոլիստը ծնվել է 1947 թ. օգոստոսի 11-ին: 1973 թ. Երևանի «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր: 1976 թ. ԽՍՀՄ գարնանային առաջնության լավագույն ռմբարկուն է, մյունխենյան Օլիմպիադայի բրոնզե մրցանակակիր: Ընդգրկված է 20-րդ դարի Հայաստանի խորհրդանշական հավաքականում:
Արկադի Անդրեասյանն այժմ էլ շարունակում է իր կյանքը կապել ֆուտբոլի հետ: Վերջին շրջանում նրա ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հարաբերությունները բավական սրված էին, սակայն նրանք, ի վերջո, կարողացան ընդհանուր հայտարարի գալ և կձգտեն համատեղ աշխատել հայկական ֆուտբոլի զարգացման, ինչպես նաև Երևանի «Արարատի» որոշ խնդիրների հաղթահարման ուղղությամբ:
Արկադի Անդրեասյանը հայկական ֆուտբոլի լեգենդներից մեկն է: Երբ խոսում ենք «Արարատի» հաղթանակների մասին, միշտ հիշում ենք նրա անզուգական խաղը, փլեյմեյքերի ու ռմբարկուի որակները, «Բավարիային» Չեմպիոնների գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում խփած գոլը, երբ մրցակցի տուգանային հրապարակում ծավալված օդային պայքարում հաղթեց հռչակավոր Ֆրանց Բեկենբաուերին ու գլխի հարվածով գրավեց մրցակցի դարպասը:
Մեր ֆուտբոլային պատմության լավագույն տարիներն արդեն անցյալում են… Բայց ուզում ենք հավատալ, որ անցյալում չէ Արկադի Անդրեասյանի ֆուտբոլային կարիերան, որ նա իրենից կախված ամեն ինչ կանի` հայկական ֆուտբոլը առաջ մղելու, մեր ֆուտբոլում մի վերջին հզոր թռիչք կատարելու համար: