13/08/2009 13:05
Վարդան Մինասյան. «Սարգիս Հովսեփյանն իրեն վստահ չէր զգում»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Մոլդովայի հավաքականի հետ խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում շատ հուզված էր: Հասկանալի է` երիտասարդ մարզիչը ոչ պաշտոնական այս խաղում դառը դաս ստացավ. թիմը տարածքային առավելություն ուներ ողջ հանդիպման ընթացքում, սակայն չէր իրացնում գոլային պահերը: Արդյունքում մեր ընտրանին պարտվեց 1:4 հաշվով, որի պատճառներն այսօրվա լրահոսում դեռ կվերլուծենք:
Վարդան Մինասյանը նախ անձամբ իր և թիմի անունից ներողություն խնդրեց երկրպագուներից նման հաշվի համար: «Այս խաղում միակ դրականն այն է, որ տեսա այն սխալները, որոնց ուղղությամբ հետագայում անհրաժեշտ է աշխատել,- ավելացրեց նա:- Անհասկանալի էր, մենք մեր ստեղծած գոլային պահերը չիրացրեցինք, բայց գոլեր բաց թողեցինք: Երբ առաջին 11 մետրանոց հարվածը նշանակվեց մրցակցի դարպասին, Սարգիս Հովսեփյանը, ով պետք է իրացներ այն, մոտեցավ և ասաց, որ վստահ չի զգում: Այդ պատճառով գնդակին մոտեցավ Հովհաննես Գոհարյանը: 11 մետրանոցները մրցակցի դարպասին արդարացի էին, բայց չօգտագործեցինք և պարտվեցինք: Իմ կարծիքով` մրցավարը սխալվեց, երբ մեր հավաքականի դարպասին 11 մետրանոց հարված նշանակեց: Այդ դրվագում մոլդովացի ֆուտբոլիստն էր խախտել կանոնները և ոչ թե պաշտպանը: Ես դեռ պետք է վերլուծեմ այն սխալները, որքոնք այսօր թույլ տվեցինք: Բայց հանդերձարանում խաղացողներին ասացի, որ ոչ մի բան պատահական չի լինում, և այս պարտությունն էլ իր պատճառներն ունի: Հաջորդ ուսումնամարզական հավաքը բավական երկար է տևելու, և հույս ունեմ, որ կկարողանանք լուծել առկա խնդիրները»:
Պատասխանելով aysor.am-ի թղթակցի հարցին` կապված աջ թևում ստեղծված իրավիճակի (ամբողջ եզրը տրամադրվել էր Սարգիս Հովսեփյանին, իսկ մրցակիցը արագաշարժ ֆուտբոլիստների խաղադաշտ մտցրեց և առավելության հասավ այդ թևում) հետ, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը նշեց. «Դավիթ Մանոյանին ասպարեզ մտցրեցինք երկրորդ կեսում` հանձնարարելով տեղաշարժվել դեպի կենտրոն, որպեսզի եզրում Սարգիս Հովսեփյանն ազատություն ստանա: Հնարավոր է` պաշտպանության և հարձակման հավասարակշռությունը խախտվեց, սակայն մենք պարտվում էինք և ստիպված էինք ռիսկի դիմել»: