15/08/2009 16:48
Թուրքիա չմեկնելով` վերջ չի դրվելու
Նախագահ Սերժ Սարգսյանի` Թուրքիա չմեկնելը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին չի կարող խոչընդոտել: Նման տեսակետ այսօր ասուլիսի ժամանակ արտահայտեց ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը` նշելով, որ դեռ դժվար է խոսել այն մասին, թե արդյոք նախագահ Սարգսյանը կմեկնի՞ Թուրքիա, թե՝ ոչ:
«Հայ-թուրքական հարաբերությունները զարգացում են ապրելու: Կարծում եմ, որ Հայաստանի քաղաքական միտքը, վերջիվերջո, կգա այն եզրակացության, որ հարևանների հետ հարաբերությունները պետք է լինեն եթե ոչ բարեկամական, ապա գոնե՝ բարիդրացիական»,- նշեց Լ. Ալեքսանյանը:
Ըստ բանախոսի, թուրքական կողմը ևս ձգտում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ` ակնկալելով, որ դրանով նա ոչ միայն կամրացնի իր քաղաքական և տնտեսական դիրքերը Անդրկովկասում, այլև կբացի ճանապարհ դեպի ռուսական շուկա:
«Այսօր Թուրքիայի քաղաքականությունը փոխված է, մանավանդ՝ ԱՄՆ-ի հետ փոխհարաբերություններում: Անկարան փորձում է ինքնուրույն քաղաքականություն վարել մեր տարածաշրջանում»,- նշեց նա:
Ըստ պատգամավորի, եթե նախագահ Սարգսյանը, այնուամենայնիվ, չմեկնի Թուրքիա՝ դիտելու երկու երկրների ֆուտբոլային հավաքականների միջև խաղը, դա լուրջ չի անդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա:
«Դա վերջը չի լինելու, որովհետև նախագահը շատ հստակ հնչեցրեց, որ հարաբերությունները երկու կողմերի միջև պետք է զարգանան առանց նախապայմանների, և մինչև նրա գնալը, սահմանը պետք է բաց լինի: Այս հարցում մեր երկրի ղեկավարը կոշտ դիրքորոշում է ընդունել»,- ասաց ՀՀԿ ներկայացուցիչը: