15/08/2009 13:52
Լևոն Արոնյանը 5-րդ տուրում դարձավ ընկերոջ «զոհը»
Ինչ էլ որ ասելու լինեք, միևնույն է, ոչ մեկն էլ չէր սպասում, որ Ջերմուկում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» շարքի մրցաշարի 5-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Կասիմժանովի հետ պարտիայում պարտություն կկրի: Դա անսպասելի էր ու նաև ամոթալի: Մամուլի ասուլիսում Լևոնը մեկնաբանել է իր պարտությունը:
- Իմ գլխավոր սխալն այն է, որ ես չօգտագործեցի այն տարբերակը, որը գիտեի: Այսինքն` գիտեի, թե ինչպես է պետք խաղալ, սակայն հավատացի ընկերոջս, ով ասել էր ինձ. «Այստեղ նույնպես ոչինչ չկա»: 19.e6 քայլը գիտեի: Ընկերոջը, իհարկե, պետք է հավատալ: Մեղավորը ես եմ, որ այդ տարբերակը չստուգեցի, իսկ խաղատախտակի առջև արդեն չկարողացա գլուխ հանել»:
- 19.e6 քայլից հետո սևերի դիրքն արդեն ծա՞նր էր:
- Գործնականում, եթե դու ոչինչ չգիտես, ծանր չէ: Միանգամայն նորմալ դիրք է, եթե կողքից ես նայում:
- Իսկ որակի զիջումը հարկադի՞ր էր:
- Ինձ թվում է` այո: Բայց տղաները, ովքեր համակարգիչ ունեն, պնդում են, որ այն ստիպողական չէր: Պարտիայի ժամանակ ես համակարգիչ չունեի, ուստի…
Իսկ Ռուստամ Կասիմժանովն այսպես պատասխանեց Լևոն Արոնյանին.
- Լավ է, որ համակարգիչ չունեիր…
Ի դեպ, մրցաշարի մեկնարկից առաջ Լևոն Արոնյանը, խոսելով իր մարզիչների մասին, նշել էր, որ Ջերմուկում մարզչական մի հսկա խումբ ունի: Բնական է, այնտեղ են հավաքվել հայ տաղանդաշատ գրոսմայստերի ընկերներն ու գործընկերները, ովքեր կձգտեն ինչ-որ չափով նպաստել Արոնյանի հաղթանակին: Բայց ահա այսպիսի պատահականություններ էլ են լինում… Պարոնայք, Լևոնին խորհուրդներ տվեք միայն այն ժամանակ, երբ վստահ եք…
Այսօր Ջերմուկում տեղի կունենա «Գրան Պրիի» 6-րդ տուրը:
Պետեր Լեկո-Էթյեն Բակրո
Դմիտրի Յակովենկո-Սերգեյ Կարյակին
Վլադիմիր Հակոբյան-Պավել Էլյանով
Լևոն Արոնյան-Բորիս Գելֆանդ
Էռնեստո Ինարկիև-Ռուստամ Կասիմժանով
Վասիլի Իվանչուկ-Գատա Կամսկի
Եվգենի Ալեքսեև-Իվան Չեպարինով