18/08/2009 12:43
Վլադիմիր Մարգարյանը հաղթեց ադրբեջանցի Աբդուլլաևին
Լեհական Շչեցին քաղաքում այս օրերին ընթանում է Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը: Ինչպես Aysor.am-ի թղթակցին տեղեկացրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, Հայաստանի պատվիրակությունը մրցավայր է մեկնել 8 մարզիկներով: Խոսքը Կարեն Այվազյանի (մինչև 51 կգ քաշային կարգ), Ալեքսան Շահյանի (54 կգ), Արամ Ավագյանի (57 կգ), Վլադիմիր Մարգարյանի (64 կգ), Հարություն Աբրահամյանի (69 կգ), Գոռ Արիստակեսյանի (75 կգ), Ազատ Դավթյանի (91 կգ) և Հովհաննես Օհանյանի (91+ կգ) մասին է:
Ալեքսան Շահյանն առաջին իսկ մենամարտում պարտվեց Ադրբեջանի ներկայացուցիչ Էլվին Իսաևին: Արամ Ավագյանին մեկնարկային փուլում հաջողվեց հաղթահարել լիտվացի Յոնաս Կազակաուսկասի արգելքը: Հաջորդ փուլում նա պետք է մենամարտի ռումին Մարիան Դրագոսի հետ:
Վլադիմիր Մարգարյանը շարունակում է պայքարը մինչև 64 կգ քաշային կարգում: Նա նախ ասպարեզից դուրս թողեց ֆրանսիացի Դավիդ Պապոտային, իսկ այնուհետև գեղեցիկ հաղթանակ տոնեց ադրբեջանցի Թամերլան Աբդուլլաևի նկատմամբ` 8:1 հաշվով: Այդ հաղթանակի շնորհիվ Վլադիմիրը մտավ1/4 եզրափակիչ: Այս փուլում նա պետք է մրցակցի Գերմանիան ներկայացնող մեր հայրենակցի` Արայիկ Մարությանի հետ:
Մինչև 51 կգ քաշային կարգում Կարեն Այվազյանը մեկնարկել է 1/8 եզրափակչից և առաջին փուլում պարտության մատնել Իտալիայի ներկայացուցիչ Ալեսանդրո Կուբեդուին: Քառորդ եզրափակչում հայ բռնցքամարտիկի մրցակիցն է լինելու մոլդովացի Իգոր Օսիպովը:
Հայաստանի հավաքականի անդամներից հասցրել է ռինգ դուրս գալ նաև 75 կգ քաշային կարգում ներկայացված Գոռ Արիստակեսյանը: Նրա ելույթը մայրցամաքային առաջնությունում անբավարար էր: Ուկրաինացի Վոյտալյուկի առավելությունն Արիստակեսյանի նկատմամբ բացահայտ էր, և հենց նա էլ կշարունակի պայքարն այս քաշային կարգում չեմպիոնի կոչման համար: