19/08/2009 16:49
Այն թակում էր մեր դուռը, բայց մենք ասում էինք...
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանն այսօր ասուլիսում տեսակետ հայտնեց, որ ամենահզոր երկրներն անգամ ի զորու չեն խույս տալ ճգնաժամից: Ըստ նրա, դա իսկապես շատ բացասական երևույթ է:
«Այն թակում էր մեր դուռը, բայց մենք ասում էինք, որ ճգնաժամը մեզ վնասներ չի տա: Բոլոր այն մարդիկ, ովքեր կանխատեսումներ են անում կարճ ժամանակի համար, կանխատեսումների տարբերակը լավ չի ստացվում նրանց մոտ»,- ասաց Բոստանջյանը:
Նա գտնում է, որ նման պարագայում պետք է բավական խեղճ տեսք ընդունենք ու օտարներից փող վերցնենք և ներարկենք տնտեսության մեջ:
Պատգամավորը նաև լավատեսորեն չի տրամադրված արդյունաբերության աճի հանդեպ, անգամ հարց ուղղեց, թե կա՞ արդյունաբերություն և ինքն էլ պատասխանեց, որ իրականում դա «արդյունաբերության իլյուզիա» է:
«Ավելի աշխույժ է արտահանում-ներմուծում հարաբերակցությունը, որը մոտենում է 1:7-ի: Մենք փաստորեն վճարում ենք ուրիշի կողմից ստեղծվածի համար: Մի պահ մենք շեշտադրում ունեինք տրանսֆերտների վրա, բայց հիմա դրանք էլ կրճատվել են»,- նշեց Վարդան Բոստանջյանը:
Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն էլ սկսեց «ամենատխուր թեմայից», այն է, ըստ բանախոսի, «ի՞նչ կա, չկա Հայաստանի տնտեսությունում»:
Նախ նա հիշեց, որ դեռևս անցած տարվա վերջին գնահատական էր տվել` ըստ որի տնտեսական անկումը պետք է մոտ 20 տոկոս գրանցվեր:
«Իսկ անցած տարվա դեկտեմբերի ծրագրով կառավարությունը նախատեսում էր 9.2 տոկոսով աճ: Անկումը շարունակվելու է, տեմպերն էապես փոխվելու են: Եվս մեկ անգամ առաջարկում եմ խելքներդ գլուխներդ հավաքեք»,- կոչ արեց Ասատրյանը` Ֆինանսների փոխնախարարին:
Միևնույն ժամանակ ԿԲ նախկին նախագահն ասաց, որ կառավարությունը փորձում է հիվանդությունը բուժել հիվանդության պատճառով` փողի ներհոսքով:
Դրան ի պատասխան, նախ Վ. Բոստանջայանն ասաց, որ ինքը գոհ կլիներ, եթե ներկայիս պայամններում 1-2 տոկոս տնտեսական աճ գրանցվեր, իսկ ֆինանսների փոխանախարար Վարդան Արամյանն էլ նշեց, որ տնտեսական հիվանդությունները ժառանգվել են այն շրջանից, երբ կառավարում էին Ասատրյանն ու թիմակիցները: