19/08/2009 13:23
2011թ. հուլիսից կկիրառվի բջջային ցանցի 11.4 դրամ միասնական վճար
«Ղ-Տելեկոմ», «Արմենտել», «Օրանժ Արմենիա» ընկերությունների և Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի (ՀԾԿՀ) միջև ստորագրվել է քառակողմ փոխըմբռնման հուշագիր` փոխկապակցման վճարների վերաբերյալ:
Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վճարների վերաբերյալ վեճը լուծելու խնդրանքով «Ղ-Տելեկոմ» և «Արմենտել» ընկերությունները 2009թ. մայիսին դիմել էին Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողով (ՀԾԿՀ):
Այսօր նիստում հանձնաժողովը քննարկեց և հաստատեց վեճի հետ կապված երկու որոշումներ: Հանձնաժողովը մի շարք քննարկումներում ներգրավել է նաև բջջային կապի երրորդ օպերատորին` Օրանժ Արմենիա ՓԲԸ-ին, հաշվի առնելով վերջինիս ներկայացրած առաջարկները և միջազգային փորձը, փոխկապակցման ծառայությունների վճարների առումով:
Ընկերությունների հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վճարները հաստատելու մասին որոշման նախագծում հաշվի է առնվել եվրոպական փորձը, մասնավորապես Եվրոպական հանձնաժողովի և վերջինիս կողմից ստեղծված եվրոպական կարգավորողների խմբի ընդհանուր դիրքորոշումն առ այն, որ վերջնավորման գները պետք է լինեն ցանցի վրա հիմնված և սիմետրիկ: Դա կնպաստի կայուն և արդյունավետ մրցակցության հաստատմանը և սպառողների համար ծառայությունների առաջարկների ու գների օգտավետության բարձրացմանը:
Եվրահանձնաժողովի երաշխավորագրում որպես վերջնավորման զանգերի համար սահմանվող արդարացի գների հաշվարկման ուղեցույց առաջարկվում է կիրառել երկարաժամկետ հավելյալ ծախսերի հաշվարկման մեթոդը:
Սահմանվել է, որ եթե ազգային կարգավորող մարմինը, ի թիվս այլ գործոնների, մինչև 2012թ. դեկտեմբերի 30-ը չկարողանա կիրառել նշված մեթոդների վրա հիմնված ծախսերի հաշվարկը, ապա մինչ այդ կարող են սահմանվել անցումային գներ` հիմնված այլընտրանքային մոտեցումների վրա, ընդ որում նշված գները չպետք է գերազանցեն երաշխավորված մեթոդով հաշվարկված վերջնավորման գների միջինը, որը կազմում է 1.5-3 եվրոցենտ:
Ներկայցված որոշման նախագծով ամրագրվում է «Արմենտել», «Ղ-Տելեկոմ» և «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ների հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև 2010թ. հունվարի 1-ից կիրառման ենթակա փոխկապակցման ծառայությունների վճարման ժամանակացույցը: Մասնավորապես, դրանով նախատեսվում է վճարման կիսամյակային սկզբունքով համամասնորեն նվազեցում 10-60 տոկոսի չափով և 11.4 դրամ միասնական վճարի կիրառում սկսած 2011թ. հուլիսի 1-ից, իսկ բջջային ցանցից դեպի քաղաքային ֆիքսված ցանցը զանգերի մեկ րոպեի սակագինը կկազմի 9 դրամ, ինչպես նաև բջջային ցանցից միջազգային զանգերի մեկ րոպեի սակագինը կկազմի 12 ԱՄՆ ցենտ, ինչը կկիրառվի 2010թ. հունվարի 1-ից: Տարադրամների փոխարժեքը հաշվարկվելու է ամսվա վերջին օրը` ԿԲ սահմանած փոխարժեքով:
ՀԾԿՀ-ն տարանջատեց որոշման նախագծով սահմանված փոխկապակցման վճարների միջազգային զանգերի սակագնին առնչվող մասը: Ինչպես նշեց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, որոշումներն առանձնացվում են, քանի որ միջազգային զանգերի սակագնին առնչվող մասը 3 օպերատորների և հանձնաժողովի միջև կնքված հուշագրում չի ներառվել և այլ վեճի առարկա է:
Ռ. Նազարյանը կարևորեց հանձնաժողովի այս որոշումները, քանի որ փոխկապակցման ոլորտում առկա վեճը հարթվեց: Նա տեղեկացրեց, որ մնացած հարցերը կքննարկվեն 3 օպերատորների ներկայացուցիչների մանակցությամբ և որոշումից հետո կներկայացվեն հանձնաժողովի հաստատմանը: