19/08/2009 14:21
«Օրանժ Հայաստան»-ը գնային պատերազմ չի հայտարարելու
«Ֆրանս-տելեկոմ» ընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Օրանժ Հայաստան»-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան այսօր էլ հավատարիմ մնաց ընկերության ռազմավարությանը և ամբողջությամբ չբացահայտեց, թե վերջի վերջո ե՞րբ է ընկերությունը մտնելու հայկական շուկա:
«Մինչև այս տարեվերջ կսկսենք գործունեությունը և ծառայություններ մատուցելը, բայց կոնֆիդենցիալ պատճառներով օրը չենք հայտնում: Ծրագիրը մնացել է նույնը, ոչինչ չի փոխվել»,- Aysor-ի հարցին պատասխանեց Բ. Դյութուան:
Նա շեշտեց, որ ոչ մի խնդիր չունեն իրենց մրցակիցների հետ, իսկ ընտրությունը հաճախորդներինն է:
«Կարծում եմ, որ մրցակիցները շատ ուժեղ են, բայց տեղ կա նորություն մտցնելու: Գներով չէ, որ մենք կփորձենք տարբերվել: Շատ այլ ձևեր կան նոր առաջարկների համար` առանց գնային պատերազմ հայտարարելու», - ասաց Բ. Դյութուան: