19/08/2009 13:11
Հարություն Աբրահամյանի ու Հովհաննես Օհանյանի հաղթարշավը
Լեհական Շչեցին քաղաքում շարունակվում է Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը:
Մինչև 57 կգ քաշային կարգում Կարեն Այլազյանը 1/8 եզրափակչում բավական լարված պայքարում 1:2 հաշվով զիջեց ռումին Մարին Դրագոսին: 64 կգ քաշային կարգում ականատես եղանք իսկական հայկական մենամարտի: Գերմանիան ներկայացնող Արայիկ Մարությանը 1/4 եզրափակչում 1:0 հաշվով առավելության հասավ Վլադիմիր Մարգարյանի նկատմամբ և դուրս եկավ հաջորդ փուլ:
69 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Հարություն Աբրահամյանը 4:2 հաշվով պարտության մատնեց էստոնացի Դմիտրի Կորմիլինին և դուրս եկավ հաջորդ փուլ: 1/4 եզրափակչում նրա մրցակիցն է Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիգորչուկը:
91+ կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Հովհաննես Օհանյանը առավելության հասավ ուկրաինացի Վոլոդոմիր Տրոցկու նկատմամբ: Այս մենամարտում հայ մարզիկը ժամկետից շուտ հաղթանակ տոնեց: Քառորդ եզրափակչում նրա մրցակիցն է լինելու Խորվաթիայի ներկայացուցիչ Դինո Մանսուրը:
Ավելացնենք, որ 91 կգ քաշային կարգում Ազատ Դավթյանը կմենամարտի բելոռուս Վլադիսլավ Կուպցովի հետ: