19/08/2009 14:00
Ռ. Յիրիկյան. «Պետք է միշտ հույսով նայենք դեպի ապագան»
Հայաստանյան բջջային կապի 3 օպերատորները գոհ են Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի այսօրվա նիստում ընդունված փոխհամաձայնեցման որոշումներից և կնքված քառակողմ հուշագրից:
Ինչպես նիստից հետո լրագրողներին հայտարարեց «Ղ-Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը միշտ գործել է հանձնաժողովի որոշումների ներքո և այսուհետ էլ գործելու է այս որոշման համաձայն:
«Արմենտել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն նշեց, որ այսօր հանձնաժողովի որոշումը շատ բարդ էր, քանի որ պետք է կարողանար խիստ կշռադատված դիրքորոշում ընդունել և հաշվի առնել բոլոր օպերատորների շահերը` ինչպես շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնողների, այպես էլ այն օպրետորների, ովքեր նոր են մուտք գործում շուկա:
«Հանձնաժողովը դրսևորեց իրական արհեստավարժություն, ընդունված որոշումը շատ խելամիտ է և հաշվի է առնում բոլոր օպերատորների շահերը», ասաց Ի. Կլիմկոն:
«Ֆրանս Տելեկոմ»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի գնահատականով, ՀԾԿՀ որոշումը հեռահար է և սահմանում է, թե ծախսերը ինչպիսին պետք է լինեն առաջիկա տարիներին:
«Այս որոշումը հայաստանյան շուկան մոտեցնում է եվրոպական չափանիշներին և Եվրահանձնաժողովի երաշխավորագրերին», - ասաց Բ. Դյութուան:
Այն հարցին, թե արդյոք ՀԾԿՀ փոխկապակցման ծառայությունների վճարների վերաբերյալ այսօրվա որոշումները հնարավորություն կտան ձեռնպահ մնալ հետագա վեճերից Ռ. Յիրիկյանը պատասխանեց, որ «պետք է միշտ հույսով նայենք դեպի ապագան», իսկ Ի. Կլիմկոյի խոսքով, ամեն դեպքում վեճեր կլինեն:
«Ամեն դեպքում մենք մրցակիցներ ենք և ցանկացած դեպքում հետապնդելու ենք մեր կոմերցիոն շահերը», - ասաց Կլիմկոն: